Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը օգոստոսի 7-ին հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:
ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ներկայիս իրադրությունը: «Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին, հորդորել խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։
Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,Եվրամիությունը, ՄԱԿ-ը։
Civilnet











