Պատմական Հայրենիքի պոտենցիալը
Վերջին օրերին սահմանում գիշերող չինովնիկների տենդը, թող թույլ տրվի ասել, զվարճալի է դարձնում հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Իսկ դա զվարճանալու բան չէ, ընկերներ։ Դուք վերադառնալու եք ձեր տաքուկ անկողինը՝ զինվորին թողնելով այն մտքի հետ, որ ինքը մնաց իր խրամատում։ Բայց դա ամբողջ խայտառակությունը չէ։
Ամբողջ խայտառակությունը հրամանատարի և չինովնիկի հարաբերությունն է, որը դիրքերում դրսևորվում է զինվորների ներկայությամբ։ Դուք ոչ գեներալ եք, ոչ էլ պաշտպանության նախարար, դիրքերի հետ զինվորական հարաբերությունը թողեք նրանց. չէ՞ որ դիվերսիայի դեպքում հատկապես ձեզ են ասելու՝ հլը քաշվեք մի կողմ։ Բարոյական աջակցությունը, հայտնի բան է, դիրքերում գիշերն արթուն մնալն է, եթե դուք արթուն եք մնացել փորձության այն չափով, որ չափով զինվորն է արթուն մնացել, դուք խայտառակությունն ավելի կատարյալ եք դարձնում։ Ինչպե՞ս։ Դուք ձեր խիղճը մաքուր եք դարձնում սպասվող այն օրերի հանգույն, երբ դիվերսիայի կամ դիպուկահարի կրակոցի արդյունքում արձանագրվող զոհը դուք չեք։ Որովհետև, անկեղծ եղեք, դուք երբեք զոհ չեք լինելու։ Ոչ թե այն պատճառով, որ ձեզ վրա չեն կրակի, ոչ էլ՝ այն, որ նման բան թույլ չեն տա, ոչ էլ այն պատճառով, որ դուք ինքներդ նման դեպքերում այնտեղ չեք լինի, այլ այն պատճառով, որ փամփուշտը միշտ գտնում է լեգիտիմ սահմանապահին։ Այդ պահին դուք սովորաբար նստած եք ձեր պաշտոնական աթոռին և մեծ համբերությամբ շարունակում եք գծել սովահարի և ձեր միջև սահմանը։ Որովհետև զինվոր լինելու լեգիտիմությունը չափվում է ոչ թե սահմանով, որը պետության աշխարհագրական, վարչական լեգիտիմությունն է, այլ չափվում է պետության խնամքով։
Չի կարող զինվորը սահման պահել, իսկ Հովիկ Աբրահամյանը զրահապատ մեքենա գնել։ Նրանցից մեկը հաստատ չգիտի, թե ինչ է պետությունը։ Եվ ինքներդ ենթադրեք, թե՝ ով։ Նրանցից մեկը հաստատ փախչելու է երկրից, երբ ամբողջ պետությունը ներգրավվի պատերազմի մեջ, երբ կազմակերպական իմաստով տեղի ունենա, այսպես ասած, պետության բանկրոտ։ Նրանցից մեկն արդեն երկիրը հասցրել է այն օրին, որ Իլհամ Ալիևին սնել է մեր թուլության պատրանքով։ Երբ ասում էինք, որ չինովնիկները չպետք է շատ կոռումպացվեն, նկատի ունեինք այս օրը։ Նրանք չպետք է այնքան կեղտոտ փող աշխատեին, որ զբաղվեին միայն այդ փողերի պաշտպանությամբ։ Կեղտոտ փողը սրում է վայելքը, իսկ վայելքի սպասումը չինովնիկի մեջ ավելի շուտ է սպանում Հայրենիքը, քան միայն հայր ու մայր ունեցողի համար։ Հովիկ Աբրահամյանը ինչպես պետք է պաշտպանի սահմանը, երբ զբաղված է կուտակելով, եթե նա կամ նրա որդին գնան սահման, ո՞վ է վայելելու կուտակածը։ Վայելքը և փամփուշտը միմյանց պատերազմ են հայտարարում ցանկացած իրական պատերազմից կամ գոնե դրա հեռավոր հնարավորությունից առաջ։
Եթե Հայաստանում գտնվի գոնե մեկը Ալեքսանդր Սարգսյանից ու նրա եղբորից բացի, որը կասի, թե բյուջետային իմաստով ինչ պետական նշանակության հարց են լուծում փողոցային կարմիր գծերը, կարող եմ վստահ լինել, որ քաղցկեղից ընդամենը երկու օր առաջ մահացած Լիզայի մոր քիմիաթերապիայի փող չունենալու զրկանքն իմաստ ունի, իսկ Հովիկ Աբրահամյանի զրահապատ մեքենա չունենալը՝ ոչ։ Պետությունը պատերազմին ընդառաջ չեն կառուցում, տղե՛րք։ Որովհետև ինքն իրենով պետությունը պատերազմի անխուսափելիությունը չէ։ Պատերազմը միշտ արտաքին մարտահրավեր է, դու կարող ես քո տանը նստել ու մի քանի վայրկյան հետո Գրադն ընկնի ձեր տուն։ Դու դա կարող ես ենթադրած էլ չլինել։ Մինչդեռ դուք պատերազմը ներսից եք հասունացրել, բոլոր ապօրինություններն արել եք Ղարաբաղի անունից՝ եթե Սերժ Սարգսյանն ընտրություններում չհաղթի, Ղարաբաղը կկործանվի։ Իսկ եթե վաղը Սերժ Սարգսյանը հեռանա պաշտոնից, վա՞տ է լինելու Ղարաբաղի համար։ Դու, որ միապետական կառավարման համակարգի խնդիր չես էլ դրել, ինչո՞ւ ես նման բան ասում։ Դու՝ պատերազմից հետո միայն վիզդ հաստացրածդ, ինչո՞ւ ես դա ասում մարդուն, որին առանց 5 հազար դրամ ընտրակաշառք տալու քո ասածում համոզել չես կարողացել։ Չի՞ նշանակում, որ քո ասածում չհամոզվածին արդեն հայտարարել ես Ղարաբաղի թշնամի։ Չի՞ նշանակում, որ նա արդեն ապրելու ենթակա մարդ չէ, պիտի մեռնի։ Էս օրվա համար էինք ձեզ ասում՝ հանգիստ թողեք Ղարաբաղը ընտրությունների ժամանակ։ Դուք սոցիալական ոչ մի հարց չեք լուծել ապագա զինվորի համար, իսկ ում համար լուծել եք, զինվոր չի դարձել, վկան այն չինովնիկները, որոնք մեգ գիշեր են անցկացրել դիրքերում։
Պատերազմից պատերազմ, որոնց արանքում 20 տարի է ընկած, չի կարող ժողովուրդը սոված ապրել, նշանակում է՝ նրան սոված եք պահել, որպեսզի օգտագործեք հացը։ Պատերազմից պատերազմ հայ ժողովրդից գրեթե մնացել է միայն աշխարհասփյուռ հայությունը։ Դուք՝ հայրենասերներդ, ի՞նչը նկատի ունեք, երբ ասում եք, որ մի գիշերում պետությունը դարձավ Հայրենիք։ Եթե մինչ այդ պետությունը հենց Հայրենիք չի եղել, որտեղ յուրաքանչյուրն իր տեղում է, պատերազմի ժամանակ նա կարող է միայն պատմական Հայրենիք դառնալու պոտենցիալ ունենալ։ Միայն թե մի ակնարկեք, թե մեր հավաքականությունը հայ-ադրբեջանական պատերազմի մեջ է։
Թեմա
Մհեր Արշակյան










