Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն արդյունավետ էր: Ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Լավրովն ասել է, որ «նախագահները կրկին հաստատեցին իրենց հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բարձր՝ նախագահների մակարդակով ամրագրված սկզբունքներին, որոնք են խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարգմամբ»:
«Նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, և Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն կերպ կնպաստի դրան», - ասել է Լավրովը:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդիրը:
Civilnet











