Գլխավոր Լրահոս

ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի. Սերժ Սարգսյան

ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի. Սերժ Սարգսյան

«Մենք ընդհանրապես ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի և այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով». օգոստոսի 11-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման շրջանակում այսպիսի հայտարարություն արեց նախագահ Սերժ Սարգսյանը` ամփոփելով Սոչիի բանակցությունների արդյունքները:

«Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»,- հանդիպման նախապատմությունը ներկայացրեց նախագահը:

Հարցին, թե արդյոք Սոչիում խոսվել է սահմանային միջադեպերի մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դրանց մասին չէր կարող չխոսվել, որովհետև բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն են:

«Առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում, - ասաց նախագահը` տեսակետ հայտնելով, որ սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի: -Նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով»:

Նախագահը որպես միջադեպերի կանխման ամենաարդյունավետ մեխանիզմ նշեց հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորումը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը:

Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում