Ադրբեջանում գերի ընկած` Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի մահը ադրբեջանցիների խղճի վրա է: Օգոստոսի 11-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման շրջանակում այսպիսի հայտարարություն արեց նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք սա ռազմական հանցագործության օրինակ է:
«Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում»,- ասաց Սերժ Սարգսյանը` կոչ անելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին ավելի զգոն լինել, քանի որ գործ ունեն «զայրացած, գազազած թշնամու հետ»:
Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրել էին, որ «հանկարծամահ է եղել» օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանը:
Ինչպես ՍիվիլՆեթին ավելի վաղ տեղեկացրել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և գերի ընկել: Ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացրել էին որպես դիվերսանտ:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը միջազգային կառույցներին կոչ էր արել դրսևորել հետևողականություն` Կարեն Պետրոսյանի մահվան գործի «անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար»:
Civilnet











