Գլխավոր Լրահոս

Մեր բաժին դիվերսիան Կարեն Պետրոսյանի հանդեպ

Կարեն Պետրոսյանի գերի ընկնելուց որոշ ժամանակ հետո հայկական կայքերը, մեջբերելով նրա հոր խոսքերը, տեղեկություն տարածեցին, որ չինարցի 31-ամյա երիտասարդը «կիսագրագետ տղա» էր: Արդեն նրա սպանությունից հետո Միքայել Մինասյանին պատկանող կայքը ավելի հեռու գնաց՝ վկայակոչելով Կարենի հոր հետ հանդիպած ազատամարտիկին՝ գրեց, թե հոր խոսքերով, Կարենը հոգեկան հիվանդ էր: Մի խոսքով, դիվերսանտ չլինելու ավելի տարօրինակ արդարացում, քան գերու «կիսագրագետ» և «հոգեկան հիվանդ» լինելն է, չեմ կարդացել:

Ըստ իս, արդարացիության զգացումից հայ լրագրողները մի քիչ համը հանեցին: Նրանց ճշմարտությունը ստվերեց Կարենի դիվերսանտ լինելու ադրբեջանցիների սուտը: Որովհետև այդ ճշմարտությունը մեզանից ցանկացածի մասին է: Ես, օրինակ, անգրագետ եմ աստղաֆիզիկայից, տնտեսագիտությունից, կոշկակարությունից, բոլոր ժողովուրդների պատմությունից և նույնիսկ՝ զենք բռնելուց, կիսագրագետ՝ գրականությունից և համեմատաբար գրագետ՝ մարդուն չվիրավորելիս: Եթե ես լինեի Կարենի փոխարեն, գրելու էիք, չէ՞, Մհերից ի՞նչ դիվերսանտ: Բայց ձեր գրածն ո՞վ է քննելու, ու՞մ եք համոզում, որ Կարենը 4-րդ դասարանի կրթություն ունի (սա էլ են գրել-Մ.Ա.): Որո՞նք են ձեր էթիկական միջոցները Կարենին ողջ առողջ տեսնելու: Ադրբեջանցիներին չհամոզեցիք, չէ՞, նշանակում է՝ խնդիրը հոր խոսքերը չեն՝ իմ որդին կիսագրագետ է: Ադրբեջանիցները սպանելու էին նրան, Կարենին առաջինը լուսանկարած և լուսանկարը համացանց նետած ակամա խիզախ ադրբեջանցին փրկեց Կարենի պատիվը և անխուսափելի դարձրեց հանուն քաղաքական պարզերեսության նրա սպանությունը: Որո՞նք են Կարենի հոր գրագիտության չափանիշները:

Դուք հասկանու՞մ եք, որ մեջբերելով նրան՝ դարձնում եք անհեթեթ զոհ նաև մեզ համար, իբր կիսագրագետի ու հոգեկան հիվանդ հայի մահը մեր՝ առողջ և գրագետ հայերիս համար ի՞նչ: Եվ երբ դուք գյուղացի տղայի մասին գրում եք կիսագրագետ, ուզում եք ասել, որ խոսքը ձեր մասին չէ: Այո, բայց դա չէ մեր ուժը, որ ինչ-որ մեկից գրագետ ենք: Մենք փաստորեն ցույց ենք տալիս մեր և Կարենի միջև գծված մի սահման, որը ոչ մի դեպքում այդ տղան չէր անցնի: Ուստի և մեռավ: Դուք ձեր մեջբերման մեջ գոնե ընկալե՞լ եք կիսագրագետ լինելու նրա պատմությունը, մտածե՞լ եք, որ դա միայն սրում է գերության փորձությունը: Կարճ ասած, դուք դա ինչպե՞ս եք գրում մարդու մասին, որ ոչ մի հանցանք չի գործել, որն իշխանություն չունի, որը դուք չեք, մարդու մասին, ով Ռուսաստանից նոր էր վերադարձել, այսինքն, արհեստի տեր էր: Դուք համոզվա՞ծ եք, որ Կարենին հաճելի կլիներ կարդալ այդ տողերը, եթե այս պատմությունից ողջ պրծներ: Ինչպե՞ս եք դուք մեջբերում խոսքերը մի մարդու, որի որդին էկզեկուցիայի ամբողջ ընթացքում մաքուր հայերեն և խիստ գրագետ մեկ նախադասություն է ասում. «Անչափ խնդրում եմ՝ ինձ տարեք Հայաստան մեր տուն»: Էդ տղան հայոց լեզուն է համարել էն ուժը, որով պիտի արթնացնի գազանի խիղճը: Ձեզ պե՞տք էր կիսագրագիտության և հոգեկան խնդիրների մասին էդ էքսքլյուզիվ հիմարությունը նրա Գողգոթայի մեջ: Դուք տեղյա՞կ եք դիլիջանցի այն տղայի մասին, որն Ադրբեջանում երկու տարվա գերությունից վերադառնալուց հետո միայն խոսում էր «Լենինգրադում և տիեզերքում» իր առաքելության մասին: Խնդիրն արդեն մահացածի հեղինակությունը չէ, խնդիրը դուք եք՝ հայ լրագրողներդ, որ նման մեջբերումներ եք անում մարդու հասցեին, ով այդ պահին գազանության բոլոր հնարավոր ձևերի մեջ (դուք ենթադրեք, թե ինչեր կարող են թույլ տված լինել ադրբեջանիցիները նրա հանդեպ) հաստատ իմաստավորել է ամբողջ կյանքը: Խնդիրը չարչարանքներն են, նրան սպանել են իրենց սուտը ծածկելու համար, ոչ թե այն բանի, որ կիսագրագետ էր կամ ոչ ադեկվատ:

Նրան սպանելու այնքան պատճառ կար, որ հոր խոսքերն ընթերցողին չներկայացնելը կլիներ ձեր գործուն հարգանքը Չինարիի անտառներում հայ-ադրբեջանական սահմանը չտարբերելու Կարենի շփոթմունքի և այդ ամենը վատ վերջացնելու հանդեպ: «Հոգեկան հիվանդ» կարելի էր գրել ադրբեջանցի գերու մասին, եթե ուզում եք նրա կյանքը փրկել: Մինչդեռ Կարենի հիվանդության ախտորոշումը ոչ ձեր ձեռքին է որպես փաստ, ոչ հոր ձեռքին է որպես «մխիթարանք», ոչ էլ գոնե հետմահու է հրապարակվել: Լավ բան չստացվեց, ժողովուրդ: Ոչինչ է այն լրագրությունը, որը գոնե 30 տոկոսով հենց իր՝ լրագրողի մասին չէ:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում