Կենտրոնական բանկը շարունակում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը. 2014թ. օգոստոսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,75%-ի մակարդակում: Այս տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն չորրորդ անգամ է էժանացնում փողը. ընդլայնողական քաղաքականություն իրականացվում է անցած տարվա սեպտեմբերից (տոկոսադրույքն իջեցվեց 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8%)։
Ըստ ԿԲ հաղորդագրության` 2014թ. հուլիսին արձանագրվել է 0,9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է` կազմելով 0,4%: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015թ. առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ, արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
«2014թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015թ. ընթացքում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:
Civilnet











