Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու արտգործնախարարության արձագանքի մասին մամուլի հրապարակումներին, տեղեկացնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
«Ցավալի է, որ նույնիսկ նման ողբերգությունը կարելի է օգտագործել շահարկումների նպատակով։ Սպանության օրն իսկ ԱԳՆ-ն արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը»,- ասել է Բալայանը` անդրադառնալով Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ արտգործնախարարության դիրքորոշմանը:
ԱԳՆ խոսնակը հավելել է. «ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին»:
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և գերի ընկել: Ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացրել էին որպես դիվերսանտ: Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրել էին, որ Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը միջազգային կառույցներին կոչ էր արել դրսևորել հետևողականություն` Կարեն Պետրոսյանի մահվան գործի «անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար»: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ Կարեն Պետրոսյանի մահը ադրբեջանցիների խղճի վրա է:
Civilnet











