Գլխավոր Լրահոս

Քո տունը` Աղավնո գետի ափին

Քո տունը` Աղավնո գետի ափին

Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղավնո գետի ձախ ափին, կարող են տեսնել նոր գյուղի շինարարությունը, որն իրականացնում է մի քանի տասնյակ սփյուռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերությունը` Ստեփանակերտի իշխանությունների հետ համատեղ: Սեպտեմբերի վերջերին պատրաստ կլինեն առաջին 50 բնակարանները, իսկ առաջիկա մեկ-երկու տարիներին կկառուցվեն ևս 100 բնակարաններ` նաև գետի աջ ափին:

Քաղաքատիպ ավանը կառուցվում է Աղավնո գյուղի տեղում` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ: Գյուղապետ Մյասնիկ Մաթևոսյանը ասում է, որ Աղավնոն լավ, առաջավոր գյուղ է, որտեղ ապրելը հաճելի է: «Գյուղը ազատագրվել է 1992 թվականին, հենց այդ տարվանից այստեղ երկու-երեք ընտանիքներ են բնակվում, բայց հիմնադրումը եղել է 1994-ին, շուտով կնշենք հիմնադրման 20-ամյակը: 150 նոր տների կառուցումից հետո, մեր պատկերացումով, Աղավնոն քաղաքատիպ ավան է դառնալու»,- նշում է գյուղապետը:

Առաջին փուլի 50 բնակարանները կառուցելու նպատակով Արցախի կառավարությունը 2014 թ. հունվարին հայտարարեց մրցույթ, որում հաղթեցին մի շարք շինարարական կազմակերպություններ: «Եվրաստրոյ» ընկերությունը շահեց  ամենից շատ` 18 բնակարաններ կառուցելու մրցույթը:

Սերժիկ Միրզոյանը մրցույթը շահած կապալառուներից է: «Հունվարի վերջերին շահեցինք մրցույթը, 18 բնակարան ենք կառուցելու: Մրցույթը շահելու օրվանից սկսել ենք աշխատանքները, սահմանված ժամկետում` սեպտեմբերի վերջին, շահագործման կհանձնենք բոլոր 18 բնակարանները: Աշխատողներ կան և’ Արցախից, և’ Հայաստանից: Ես վստահ ասում եմ, որ մեր 18 տները կառուցվում են ըստ նախագծի, և կառուցվում է որակով»,- ասում է Միրզոյանը:

«Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերության հիմնադիր անդամներից Մելքոն Հակոբյանը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է այցելում Աղավնո` տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Գարնան այցելության ընթացքում Հակոբյանի հետ Աղավնո էին այցելել նաև ԱՌԻ-ի ատենապետ Սուրեն Սարգիսյանը և ԱՌԻ-ի հիմնադիր անդամներից  Բենիամին Պչաքչյանն ու Բյուզանդ Գևորգյանը:

Սեպտեմբերի կեսերին մի քանի տասնյակ լիբանանահայ գործարարներ` «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերության անդամներ, կայցելեն Աղավնո: Հենց այդ օրերին շահագործման կհանձնվեն առաջին հիսուն բնակարանները:

«Եվրաստրոյ» ընկերության գլխավոր ինժեներ Տիգրան Ավանեսյանը ասում է, որ մրցույթով շահած իրենց 18 բնակարանների շինարարությունը սկսել են հունվար-փետրվար ամսին, իսկ առաջիկա շաբաթներին շինարարությունը կավարտեն: «Ցանկանում ենք, որ գյուղը լինի ժամանակակից, որպեսզի այստեղ ապրող մարդիկ իրենց քաղաքակրթությունից կտրված չզգան: Շինարարության որակը պետք է պահպանել, յուրաքանչյուր շինարարի համար դա պատվի հարց է: Շինարարությունն իրականացվում է հաստատված նախագծի համաձայն և սեյսմակայուն է: Ձգտում ենք հնարավորինս որակյալ շինանյութեր օգտագործել»,- ասում է Ավանեսյանը:

Եվրոպական չափանիշների համապատասխան կառուցվող այս մոդել գյուղը կարևոր խաչմերուկում է: Հենց գյուղի հարևանությամբ է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Բացի այդ, գյուղի հարևանությամբ տեղակայված է Արցախի գլխավոր հսկիչ կետը: Աղավնո գետի վրա կառուցվել են հիդրոէլեկտրակայաններ, որոնցից մեկը բնակավայրին մոտ է: Այս ամենը հուշում է, որ քաղաքատիպ ավան հիշեցնող այս գյուղում բնակվելու են ոչ միայն գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող մարդիկ, այլ նաև ինժեներներ և ծառայողներ, տարբեր այլ պաշտոնյաներ: 

Գյուղապետ Մաթևոսյանը կարծում է, որ Աղավնո գյուղում պետք է ապրեն առաջին հերթին այսօրվա բնակիչները: «Այստեղ պետք է ապրեն նաև նրանք, ովքեր սիրում են այս տարածքները, ովքեր ուզում են, որ ազատագրված տարածքները բնակելի դարձվեն»,- ասում է նա:

Նոր կառուցվող գյուղի բնակարանները ամառանոցներ չեն: Բնակավայրի կառուցումը վերաբնակեցման քաղաքականության մաս է կազմում: Արցախի կառավարության որոշումով` գյուղի  մի քանի բնակարաններ կտրամադրվեն վեց երեխայից ավելի ունեցող, ինչպես նաև` նահատակված ազատամարտիկների ընտանիքների: Իսկ մնացյալ բնակարանները պետության կողմից երկարաժամկետ և ցած տոկոսներով տրամադրվելիք վարկերով կստանան այն ընտանիքները, որոնք վերաբնակվելու նպատակով ցանկություն ունեն հաստատվել կառուցվող ավանում:

Չնայած շինարարական աշխատանքները փոքր-ինչ հետ են ընկել նախապես համաձայնեցված ժամանակացույցից, սակայն «Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերության հիմնադիր անդամներից Մելքոն Հակոբյանը ասաց, որ ընդհանուր առմամբ, գոհ է և բավարարված: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում