Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. օգոստոսի 20-ին հրապարակած իր հայերեն տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը` սա սառեցված կոնֆլիկտ չէ: Թե՛ այստեղ, թե՛ Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնություններն ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը»,- ասել է ԱՄՆ դեսպանը` հավելելով, որ զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը «բախումները հենց հիմա դադարեցնելն է»:
Վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ամբողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց հետևանքով շուրջ երեք տասնյակ զոհ էր եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական: Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:
Civilnet











