Սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումների էլեկտրոնային համակարգը շարունակում է բնականոն գործել, ասված է ֆինանսների նախարարության ներկայացրած պարզաբանման մեջ:
«Ի պատասխան մամուլի հրապարակումների` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումներն էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18 000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:
Ներկայում համակարգը, որոշակի ծանրաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, և օրվա յուրաքանչյուր ժամի ՖՆ տեղեկատվական շտեմարան են մուքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ:
Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1 847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1 070 հարկ վճարողների զանգերի»,- ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Կառավարության ավելի վաղ ընդունած որոշման համաձայն` մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա պետք է լինեին օգոստոսի 15-ից: Մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենային սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:
Ազգային ժողովում հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր կուտակային վճարը դառնում է նպատակային սոցիալական վճար՝ որպես փաստացի հարկատեսակ:
Civilnet











