Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ։
Այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը։
Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ամբողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական: Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին կարող եք դիտել այստեղ:
Civilnet











