Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Փինար Թրեմբլեյի հոդվածը՝ «Թուրքիայում աճում են հակաարաբական տրամադրությունները» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է Թուրքիայում սիրիացի փախստականների խնդրին, որը վերջին ժամանակներում դարձել է երկրի ներքին ամենաարդիական հարցերից մեկը: Փախստականների ու տեղական բնակչության միջև լարվածության աճն անցյալ ամիս հանգեցրել էր ցույցերի մի շարք քաղաքներում: Վերջերս էլ Գազիանթեփ թուրքական սահմանամերձ քաղաքի քաղաքապետը որոշել է վերաբնակեցնել մի քանի հարյուր սիրիացի ընտանիքների: Թրեմբլեյը վստահ է՝ դեպքերի նման զարգացումը ավելի է խորացնում օտարատյացությունը Թուրքիայում: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:
Օգոստոսի 18-ին սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական հարավարևելյան արդյունաբերական քաղաք Գազիանթեփում խուճապ սկսվեց այն բանից հետո, երբ լուր տարածվեց, որ սիրիացիները թունավորել են քաղաքի խմելու ջուրը: Անցյալ ամիս Գազիանթեփում և սահմանամերձ այլ քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր ընդդեմ սիրիացի փախստակաների, որոնք հանգեցրին ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների: Ցուցարարների կարգախոսներն էին՝ «Թայի՛փ, հրաժարական տո՛ւր», «Մենք ենք այս քաղաքի բնակիչները» և այլն: Մամուլը լի է պատմություններով՝ հուսալքված սիրիացի, իրաքցի և եզդի փախստականների մասին, սակայն գրեթե չի լուսաբանվում փախստականների դեմ տրամադրությունների ուժգնացումը կամ նրանց դեմ բռնության աճը:
Սիրիայում և Իրաքում երեք տարի չդադարող հակամարտություններից հետո Թուրքիայի քաղաքացիները սկսել են գիտակցել, որ փախստականները մշտապես են հաստատվել Թուրքիայում: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչերը՝ «համբերատարություն և հյուրընկալություն դրսևորել եղբայրների հանդեպ, որոնք շուտով կվերադառնան Սիրիա», բազմաթիվ շրջանակներում այլևս արձագանք չեն գտնում:
Սիրիացի փախստականների և տեղացիների միջև հուժկու բախումներից և սպանություններից հետո Գազիանթեփի քաղաքապետը որոշեց վերաբնակեցնել քաղաքում ապրող հարյուրավոր սիրիացիների:
Արդյոք սա ամենալա՞վ քաղաքականությունն է, որ կարելի էր վարել: Հաթայից հայտնի սյունակագիր Միթհաթ Քայնաքը Al-Monitor-ին ասաց, որ Գազիանթեփից և այլ քաղաքներից 400 ընտանիքների վերաբնակեցումը՝ վերջիններիս կամքին հակառակ, նպաստում է լարվածության և ռասիստական տրամադրությունների աճին:
Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության կենտրոնի (TURKSAM) փորձագետ Հանիֆե Չեթինն էլ Al-Monitor-ի հետ զրույցում ասաց. «2011թ. մարտին սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիա է մտել 1 մլն 385 հազ. սիրիացի»: Չեթինն ընդգծեց՝ կարևոր է հանգամանքը, որ սա միայն այն մարդկանց թիվն է, որոնք գրանցված են:
«Թուրքիայի կառավարությունը մտադրություն ուներ մոտ 100 հազ. «հյուրերի» համար ճամբարներ ստեղծել, սակայն երբ թվերը անսպասելիորեն սկսեցին աճել, գործընթացը դուրս եկավ վերահսկողությունից»: Որոշ քաղաքներում, ինչպես օրինակ՝ Քիլիսում, նորեկներն ավելի շատ են, քան տեղական բնակչությունը:
Կարևոր է նշել, որ 2000-ականների սկզբին Թուրքիան էմիգրանտների երկրից վերածվեց իմիգրանտներ ընդունող երկրի:
Օտարատյացությունը նոր երևույթ չէ Թուրքիայում: Տասնամյակներ շարունակ հետազոտությունները ցույց են տվել, որ օտարատյացությունը հետևողական աճ է գրանցել:
Չնայած տարեցտարի գրանցվող ցուցանիշները փոքր-ինչ տարբեր են՝ պետք է նշել, որ Թուրքիայի քաղաքացիների շատ փոքր տոկոսն է հանդուրժում քրիստոնյա, հրեա, աթեիստ կամ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ հանդիսացող հարևանների:
Վերջին տասնամյակում հեռավոր Եվրոպայում գլուխ բարձրացրած օտարատյաց «լուսանցքային» շարժումների ֆոնին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Թուրքիայում հետզհետե աճող լարվածությանն ու սոցիլական մեդիայում և մամուլում դրա արտացոլմանը: Այսպես՝ Twitter-ում #Suriyelileriistemiyoruz («Չենք ցանկանում սիրիացիներին») հեշթեգն արժանացել է համապատասխան օտարատյաց մեկնաբանությունների: Մի գրառման մեջ, օրինակ, ասված էր. «Մենք չենք ցանկանում անգամ մեկ սիրիացու, թո՛ղ նրանք ապրեն Էրդողանի և Դավութօղլուի առանձնատներում»: Սա բավական հետաքրքիր է, քանի որ հաճախ կարելի է լսել, թե ինչպես են Ստամբուլի կամ Անկարայի փողոցներում սիրիացի մուրացկանները բացականչում. «Դավութօղլուն է մեզ այստեղ բերել: Ինչո՞ւ նա հոգ չի տանում մեր մասին»:
Ekonomist ամսագրի գլխավոր խմբագիր Տալաթ Յեսիլն էլ Al-Monitor-ի հետ զրույցում ասաց. «Որպես Հաթայ քաղաքի բնակիչ՝ ես գտնում եմ, որ արաբների հանդեպ թշնամանքն անարդար է և կոպիտ: Հաթայում բազմաթիվ մարդիկ արաբերեն գիտեն և ուրախ են հյուրընկալել փախստականների: Ջիհադականների վարքագիծն է, որ Հաթայում ահաբեկում է տեղացիներին, նաև՝ փախստականներին»:
Մինչև այսօր չկան կազմակերպված շարժումներ՝ առնվազն տեսանելի, որոնք կմիավորեին ծայրահեղ ազգայնականներին: Այդուհանդերձ՝ մինչև չձեռնարկվեն համապատասխան սոցիալական, կրթական և տնտեսական կանխարգելիչ քայլերը, Թուրքիայում կշարունակեն խմորվել քսենոֆոբիկ տրամադրությունները:
Արաբ զբոսաշրջիկի՝ հարուստ և առատաձեռն «մուսուլման եղբոր» երբեմնի կերպարը փոխարինվում է փախստականների և արաբ ու առհասարակ՝ տարբեր ազգերի ներգաղթյալների հանդեպ քսենոֆոբիկ վերաբերմունքով:
Civilnet











