Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ:
Այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վերջին ամսում հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ամբողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական: Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին կարող եք դիտել այստեղ:
Civilnet











