Ռուսաստանը խորապես ցավում է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով և ոչ միայն զինված բախումների ժամանակ. օգոստոսի 23-ին այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանի մահվան փաստի կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքը կորցրած այլ հայերի և ադրբեջանցիների հարազատներին ու մերձավորներին։ Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրամասն հետաքննության իրականացումը։ Կողմերին կոչ ենք անում գործնականում կիրառել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2010թ․ հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարության՝ զոհվածների մարմինները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերադարձնելու վերաբերյալ դրույթները»,- ասել է Լուկաշևիչը։
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Կարեն Պետրոսյանը Ադրբեջանում գերի էր ընկել օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 8-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, թե Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»։
ԱՄՆ Պետքարտուղարությունը օգոստոսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ` խոր մտահոգություն հայտնելով Կարեն Պետրոսյանի մահվան լուրի և այն վստահեցումների կապակցությամբ, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով։ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել իրականացնել միջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները։
Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակն իր հերթին օգոստոսի 21-ին հայտարարել էր, որ «Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ» և Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ վերադարձնել նրա մարմինն ու լույս սփռել մահվան հանգամանքների վրա։
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներն են։
Civilnet











