Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների կարգավիճակն ու սոցիալական խնդիրները Թուրքիայի ներքին արդիական հարցերից են: Երկրում աստիճանաբար սրվում է տեղական բնակչության դժգոհությունը նորեկների նկատմամբ, որը հաճախ բախումների է վերածվում: Առաջին բախումները տեղի են ունեցել անցյալ ամիս Գազիանթեփում, երբ տեղացիները ավտոճանապարհային միջադեպի արդյունքում հարձակում էին գործել սիրիացու վրա: Հուլիսի կեսերին էլ Թուրքիայի սահմանային հարավային շրջան Քահրամանմարաշում (Մարաշ – ՍիվիլՆեթ) տեղի էր ունեցել մոտ հազար հոգանոց բողոքի ցույց՝ ընդդեմ քաղաքում սիրիացի փախստականների ներկայության: Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ տեղական բնակչության և սիրիացի փախստականների միջև լարվածությունը թոթափելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ օտարատյացության հետագա սրումը կանխելու նպատակով: Օրերս թուրքական կառավարական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվել է հանդիպում, որի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ խոսվում է սիրիացի փախստականների հետ կապված ամենաարդիական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:
Թուրք պաշտոնյաները վերջապես որոշել են քայլեր ձեռնարկել սիրիացի փախստականների դեմ Թուրքիայում հետզհետե սրվող օտարատյացության (քսենոֆոբիա) դեմ՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ, որի հեղինակները ճանաչում են նորեկների հանդեպ առկա թշնամանքն ու խոստանում պայքար մղել խտրականության դեմ, գրել է Hurriyet Daily News-ը:
Օգոտսոսի 22-ին Թուրքիայի մի շարք նախարարներ, նահանգապետներ և քաղաքապետներ՝ փոխվարչապետ Բեշիր Աթալայի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել և քննարկել երկրի տարբեր քաղաքներում սիրիացիների և տեղացիների միջև խնդիրների հնարավոր լուծումները:
Հանդիպմանը մասնակցող գերատեսչությունների համատեղ հայտարարության համաձայն՝ քննարկվել են կրթական, տնտեսական, զբաղվածության, կանանց, ընտանեկան, իրավական, սահմանային անվտանգության և այլ հարցեր:
Հայտարարության համաձայն՝ թուրք պաշտոնյաներն, ըստ ամենայնի, ընդունում են փաստը, որ սիրիացի փախստականները մշտապես են հաստատվել Թուրքիայում, քանի որ փաստաթղթում խոսվում է Թուրքիայում սիրիացի երեխաների ուսումնառության կազմակերպմանն ուղղված ջանքերի մասին:
Օգոստոսի 23-ին հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ կառավարությունը կընդլայնի իր ջանքերը՝ սիրիացի երեխաների կրթական հարցերի լուծման ուղղությամբ. գործադիրը մտադիր է խրախուսել, որ նրանք թուրքերեն սովորեն՝ սոցիալական բազմապիսի խնդիրները նվազեցնելու նպատակով:
Փաստաթղթում նաև ասված է, որ «չնայած դրական վերաբերմունքին և գործադրվող ջանքերին՝ սադրանքներն ու խտրականությունը խորացնում են օտարատյացությունը»: Թուրքական կառավարությունը խոստանում է «հետագայում խրախուսել» պետական կառույցների և քաղաքացիական հասարակության քայլերն ու նախաձեռնությունները՝ ուղղված օտարատյացության դեմ:
Հանցավոր գործունեության մեջ սիրիացիների ներգրավվածության ցուցանիշը «բավական ցածր է», սակայն ցանկացած միջադեպ հանրության մեջ ունենում է լայն արձագանք, ինչը հանգեցնում է խտրականության խորացման:
Հայտարարության համաձայն՝ թուրքական կառավարությունն իրականացրել է 740 հազ. սիրիացու կենսաչափական գրանցում. մնացած փախստականները կգրանցվեն առաջիկա ամիսներին: 218 հազ. 121 սիրիացի ապաստան է գտել ճամբարներում, 1 մլն 127 հազ. 970 փախստական էլ ապրում է երկրի տարբեր քաղաքներում:
Փաստաթղթում նաև նշված է, որ անօթևան սիրիացիները նահանգապետների ջանքերով տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ, «նման պրակտիկան շարունակվելու է նաև առաջիկայում»:
Թուրքիայում սիրիացի փախստականների խնդիրների մասին ավելին՝ «Թուրքիայում աճում են հակաարաբական տրամադրությունները», «Սիրիացի փախստականները ծանրացնում են Թուրքիայի գործազրկության խնդիրը»:
Civilnet











