Ֆլեշմոբ՝ միտքը անիվների վրա
Տաքսիստները, հայտնի է, սովորաբար լինում են շատախոս: Եվ միշտ չէ, որ խոսում են ըստ էության: Համենայնդեպս, երբեմն նրանք քաղաքացիական մտքեր են հայտնում: Ավտոբուսի վարորդները, ընդհակառակը, «չխոսկան» են: Որովհետև բոլոր ուղևորների հետ միանգամից չես խոսի: Պետք էլ չէ, իհարկե: Ավտոբուսի վարորդը «բացակա» մարդ է: Մեքենան գնում է, և ուղևորը երթուղային որևէ մասնակցություն չունի: Ամեն ինչ հստակ է ի սկզբանե:
Քաղաքական գործընթացներում ավելի հեշտ է տեսնել տաքսու վարորդներին, քան՝ ավտոբուսների վարորդներին: Գաղափար կա նրանց նույնպես դարձնել մասնակից: Եթե ոչ՝ ուղղակի, գոնե անուղղակի: Թող ամեն առավոտյան, երթուղու ամենախիտ ժամին, երբ ուղևորները շատ են, վարորդները դիմեն մարդկանց որևէ մտքով: Ենթարդենք՝ հարգելի ուղևորներ, մեկ միտք Ցիցերոնից՝ միայն հիմարն է պնդում իր սխալը: Արտակարգ միտք չէ, բայց ժամանակավրեպ էլ չէ: Հաջորդ օրը կարելի է մեջբերել Հովհաննես Թումանյանին (հերթականությունը պայմանական է), ասենք, «Դառնացած ժողովուրդից»՝ ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: Ալբեր Քամյուն էլ կարող է օգնել՝ կյանքի ամենամեծ հարցն է՝ ինչպես ապրել մարդկանց մեջ: Ինչ-որ պահից, բացառված չէ, վարորդը կարող է ուղևորների համար կարդալ իր սեփական միտքը: Ինքը կարող է համացանց քրքրել որևէ արժեքավոր միտք գտնելու համար: Նրան պետք է տրվի ընտրության հնարավորություն: Այսինքն, նա ոչ թե պետք է լինի պարզապես անգիր անող, այլ՝ իր մեջբերած մտքի մասնակից: Գոնե ժամանակի ընթացքում պետք է դառնա այդպիսին:
Սա կարող է լինել ֆլեշմոբի տեսքով, այսինքն, «մեկանգամյա օգտագործման», կարող է առանձին վերցրած մեկ երթուղի այսպես անել մեկ ամիս շարունակ: Համենայնդեպս, միայն սեփական խնդիրներով ավտոբուս նստողները կմերձենան մտքին, որը գրքով կարդալու ժամանակը չունեն: Գրքերում, իհարկե, ավելին է գրած, բայց «ավելին»-ը գալու է գաղափարի հետ: Պարզ է, որ առաջին պահին ուղևորն անակնկալի կգա, որովհետև ինքը սովորաբար «լուրջ մարդ» է և ընդհանուր «անլրջության» տակ մտնելու զահլա չունի: Սակայն պետք է հիշել, որ դա ընդամենը միտք է, ամբողջ Թումանյանն ու Ցիցերոնը չէ, երկրորդ, բնավ բացառված չէ, որ ուղևորն ավտոբուս է նստել Կիևյան կամ Հաղթանակի կամուրջներ հասնելու համար, միգուցե օրվա միտքը կողմնորոշում է նրան, թե ինչու պետք է ապրել: Երրորդ, եթե վարորդն անկիրթ է, կսկսի կրթվել, ի վերջո ինքն էլ է մտածելու. եթե ոչ առաջին մտքի դեպքում, գոնե՝ դրանցից մեկի:
Քաղաքապետարանը ամբողջ այս «ֆլեշմոբին» կարող է մասնակցել, ասենք, ընդամենը 5 հազար դրամով աշխատավարձ բարձրացնելով: Սա, անկասկած, գռեհկացնում է գաղափարը, բայց եթե վարորդներին գաղափարը դուր գա, 5 հազար դրամը կմնա 5 հազար դրամ, մինչդեռ մտքերը կհոսեն, օր-օրի դրանք կարող են դառնալ ավելի խոր, ուղևորները կարող են խորության նոր չափաբաժին պահանջել: Որպեսզի գաղափարը, այսպես ասած, չռաբիզանա, պետք է բացառել երկու օր անընդհատ Գարեգին Նժդեհ ցիտելը նույն երթուղում: Վարորդն անկասկած չի կարող ղեկին մտքերով տարվել, այդ ազատությունը ուղևորին է տրված: Գաղափարի անհարմարությունն այստեղ է: Բայց նախ վարորդն այսպես թե այնպես տարված է իր մտքերով, ինքը հաստատ խնդիրներ ունի, այդ օրը նրան կամ ընտանիքի որևէ անդամին ինչ-որ խնդիր կարող է պատուհասած լինել, նա կարող է տրամադրություն չունենալ, ինչը նրան ղեկին դարձնում է ռիսկային: Տրամադրություն չունենալը նույնն է, ինչ հարբած ղեկին նստելը:
Ո՞րն է այս գաղափարի չերևացող կողմը: Նախ՝ այն, որ ավտոբուսի վարորդը ինքնին «բացակա» անձ է, նրան քաղաքական կամ քաղաքացիական որևէ գործընթացում չես տեսնի: Այսինքն, նա ամենաքիչ քաղաքացիներից է ՀՀ բոլոր քաղաքացիներից: Միգուցե ուզում է մասնակցել, բայց իշխղ անհանդուրժողականությունը նրան խանգարում է սեփական ղեկը շարժելուց ավելին մտածել: Այս ֆլեշմոբի կողմ դառնալով՝ նա վերածվում է քաղաքացու, որովհետև ինքը կարող է ընտրել մտքերը: Առանց ղեկից կտրվելու նա դառնում է քաղաքացիական կամ քաղաքական դժգոհության մասնակից, նա քաղաքականացնում է երթուղին: Սա, իհարկե, կարող է կատաղեցնել քաղաքապետարանի ՀՀԿ-ական չինովնիկներին և ապագա արտակարգ իրավիճակներում կարող են արգելել նաև այսպիսի «ֆլեշմոբերը»: Վարորդը, գիտեք, նաև ընտրող է: Նրան պարտադրում են քվեարկել, ասենք, Տարոն Մարգարյանի կամ, ասենք, Սաքուլիկի օգտին: Բայց այլ բան է, որ նա ենթարկվում է պարտադրանքին` Քամյուին կամ Բրոդսկիին չիմանալով, այլ բան է, որ դա անում է` նրանց իմանալով: Իմանալուց հետո նա նվազագույնը քաղաքացի է: Եվ Տարոնը կամ Սաքուլիկը հաստատ խնդիրներ կունենան: Կեղծելը դժվարանում է, որովհետև այսպիսի ֆլեշմոբերով վարորդներն արդեն հազարավոր քաղաքացիների են դուրս բերել «ճշմարիտ ճանապարհ», բոլորն արդեն գիտեն Քամյուին ու Բրոդսկիին:
Անկասկած, պետք չէ, որ վարորդը կոչ անի տապալել օրվա իշխանություններին: Փոխարենը նա կարող է վկայակոչել Չարենցին կամ Չերչիլին: Վարորդը, այլ խոսքով, մասնակցում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը` մտքի միջոցով: Նա կարող է նույնիսկ հակաքաղաքացիական միտք կարդալ ուղևորներին մտածելու բան տալու համար: Բայց շատ վատ կլինի, եթե նրա ղեկավարությունն այդ միտքը դնի նրա բերանը: Որովհետև դա կլինի արդեն Հ1-ի «Տեսանկյունը» ավտոբուսի մեջ: Ի դեպ, թեման ուղղակի պահանջում է սահմանափակվել Ալբեր Քամյուով. որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ և առաջ պետք է վերափոխի իր ստեղծողի կյանքը:
Թեմա
Մհեր Արշակյան










