Վերջին վեց տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ պաշտոնական Երևանը Թուրքիայի նախագահին Հայաստան այցելելու հրավեր է ուղարկում: Եթե 2008-ին Սերժ Սարգսյանը իր գործընկեր, բնավորությամբ զուսպ Աբդուլլահ Գյուլին հրավիրում էր Երևան` միասին դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ապա այս անգամ նա Թուրքիայի նոր` 12-րդ նախագահ, անզուսպ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրում է Ծիծեռնակաբերդի բարձունք` 2015թ. ապրիլ 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Շատերը գրեթե համոզված էին, որ Գյուլը չի այցելի Հայաստան, սակայն 2008-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում` Արարատի ստվերի տակ: Այսօր շատերը գրեթե համոզված են, որ Էրդողանը չի այցելի Հայաստան: Ամիսներ անց պարզ կդառնա: Եթե Էրդողանը Հայաստան այցելելու որոշում կայացնի, ինչը, այնուամենայնիվ, քիչ հավանական է թվում այսօր, ապա իր այցելությամբ նա կհայտնվի համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում: Ավելին, Արևմուտքը նրա հասցեին կհնչեցնի գովաբանական և խրախուսական խոսքեր, ինչպես եղավ Գյուլի այցելության օրերին:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա իրավիճակը (Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակում և Հայոց ցեղասպանության ուրացում, դիվանագիտական կապերի բացակայություն, միմյանց հասցեին կոշտ, երբեմն` ոչ դիվանագիտական բառապաշարի գործածում, Ադրբեջանին անվերապահ աջակցություն) ենթադրել էր տալիս, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որ կայացավ օգոստոսի 28-ին, պաշտոնական Երևանը կմասնակցի ոչ այնքան բարձր` օրինակ, Վրաստանում կամ այլ երկրում Հայաստանի դեսպանի մակարդակով: Թուրքական կողմը Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը մասնակցել էր Վրաստանում իր դեսպանի մակարդակով: Այսպիսով, Հայաստանը կպահեր հավասարակշռությունը` Անկարայի Չանքայա պալատ գործուղելով որևէ դեսպանի:
Վարչապետության շրջանում, ապա և նախագահական քարոզարշավի ընթացքում Էրդողանը բազմաթիվ հակահայ հայտարարություններ էր թույլ տվել: Ամենից աղմկալին և ռասիստականը նա արել էր ընդամենը շաբաթներ առաջ` հայ լինելը համարելով վիրավորական: Օգոստոսի 5-ին թուրքական NTV և Star TV հեռուստաընկերությունների եթերում, անդրադառնալով Թուրքիայում ինքնության խնդրին ու իր էթնիկ պատկանելությանը, ինչպես նաև` իրեն հայ անվանելու դեպքերին, Էրդողանը բառացիորեն ասել էր. «Արմատներով ես Ռիզեից եմ, ծնվել-մեծացել եմ Ստամբուլում: Բայց ինչե՜ր չեն ասում իմ մասին: Մեկն ասաց, թե Էրդողանը վրացի է: Մեկն էլ տեղից վեր կացավ, կներեք արտահայտությանս, շատ ավելի կեղտոտ ձևով ասաց` Էրդողանը հայ է»:
Թուրքիայի հայերը, ինչպես նաև Հայաստանը, նախ՝ արտգործնախարարության, ապա և Սերժ Սարգսյանի մակարդակով, դատապարտեցին Էրդողանի հակահայ և ռասիստական հայտարարությունը: Սարգսյանը ասաց, որ «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»: Հեգնական է, բայց Սարգսյանը ընդամենը օրեր անց իր արտգործնախարարին պետք է գործուղեր Չանքայա` Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրաված տարածքի վրա կառուցված նախագահական պալատ` մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: Ավելին, նախքան այդ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Էրդողանին` նախագահ ընտրվելու առիթով:
«Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»,- գրել էր Սարգսյանը Էրդողանին:
Այս ուղերձով Սարգսյանը ակնհայտորեն ասում է, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ երկու արձանագրություններին և դրանք կյանքի կոչել: Գուցե Նալբանդյանի ներկայությունը Էրդողանի երդմնակալությանը նաև դա շեշտելու նպատա՞կ ուներ...
ՀՅԴ-ն քննադատեց Նալբանդյանի այցը Անկարա՝ ընդգծելով ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարությունները, այլ հատկապես, եթե այդ մասնակցությունը նպատակ էր հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն ասել է. «Էրդողանը և՛ իբրև մարդ, և՛ իբրև վարչապետ, և՛ իբրև նախագահի թեկնածու ցույց է տվել Հայաստանի և հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, որոնք ոչ մի ձևով արժանի չեն դարձնում նրա երդման արարողությանը Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը: ՀՅԴ-ն բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրություններից: Փոխարենը` մեր իշխանությունները փորձում են վերակենդանացնել դրանք, հակառակ Թուրքիայի թշնամական կեցվածքի»:
Օգոստոսի 24-ին Սերժ Սարգսյանը ասել էր, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը և ներկայությունը կլինի արտգործնախարարի մակարդակով: Սարգսյանն ասել էր, որ արտգործնախարարը կտեղեկանա` Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գալիք ապրիլի 24-ին, «այցելել Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնել մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը»:
Այսպիսով, Սարգսյանի խոսքերից տպավորություն էր ստեղծվում, որ, առիթը օգտագործելով, Նալբանդյանը անձամբ նամակ-հրավեր կփոխանցի Էրդողանին, ինչը և Հայաստանի արտգործնախարարը կատարեց օգոստոսի 28-ին: Նալբանդյանը, համաձայն Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, Էրդողանին հանձնեց «Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը»: Նալբանդյանը հնարավորություն ունեցավ նաև ոտքի վրա մի քանի նախադասություն փոխանակել Էրդողանի հետ:
ՀՅԴ-ից բացի, արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի երդմանակալությանը մասնակցությունը ճիշտ չհամարեցին նաև «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները:
Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը սխալ կամ ճիշտ, դիվանագիտական բացթողում կամ արդարացված համարելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է իր առաջ դրել պաշտոնական Երևանը այդ արարողությանը իր ներկայությամբ:
Եթե Հայաստանի արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ներկա լինելը, բացի Էրդողանին Սարգսյանի պաշտոնական հրավեր փոխանցելուց, նպատակ ուներ փորձել վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա շփումներն ու սառեցված երկու արձանագրությունները, ապա դրանից օգտվելու է Թուրքիան: Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանը չի կատարում երեք նախապայմանները (ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, ղարաբաղյան հարցի լուծում` ի նպաստ Ադրբեջանի), հայկական կողմը չպետք է ակնկալի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում:
Կասկած չկա, որ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան փորձելու է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ արձանագրությունները մեռած չեն, Հայաստանի հետ ընթանում է երկխոսություն, իսկ որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն վնաս կհասցնի հայ-թուրքական երկխոսությանը:
Թաթուլ Հակոբյան











