Անհրաժեշտ է օրենք «Հրայր Թովմասյանի մասին»
Հրայր Թովմասյանը շարունակում է խնդիրներ ստեղծել ԱԺ աշխատանքները լուսաբանելու փորձ կատարող լրագրողների համար: Առայժմ դա արվում է ամռանը, երբ հավատարմագրերի ժամկետն ավարտվել է, իսկ նոր հավատարմագրերը դեռ չկան: Ամռանը լրագրողները հավատարմագրվում են տեղում, ավելի ճիշտ, նրանց համար կոնկրետ պատգամավորը անցաթուղթ է «իջեցնում», իսկ անվտանգության աշխատողները հարցնում են՝ ձայնագրիչ կամ տեսախցիկ ունե՞ք:
Նախ այսպիսի հարցը վիրավորական է: Այսինքն, չպիտի՞ ունենային: Կամ ուրիշ ի՞նչ պիտի լիներ լրագրողի մոտ ձայնագրիչից կամ տեսախցիկից բացի: Նրանք ինչո՞ւ են գալիս ԱԺ: Որպեսզի լուսաբանեն, չէ՞: Գալիս են, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում այնտեղ, քաղաքական ինչ-որ իրադարձություն: Հրայր Թովմասյանը պայուսակով է մտնում ԱԺ: Ինչո՞ւ է նա ԱԺ անվտանգության աշխատողների համար վստահելի, իսկ լրագրողները՝ ոչ: Եվ ահա թե ինչու: Որովհետև, երբ լրագրողին հարցնում են ձայնագրիչի կամ տեսախցիկի մասին (ուշադիր եղեք՝ հեռուստաընկերության օպերատորը նկարահանման գնա առանց տեսախցիկի. Հրայր Թովմասյանի ծիծաղն անգամ կգա), ուզում են ասել, որ նրա մասնագիտական կարգավիճակը ամռանը զրոյացված է, ամռանը ԱԺ մտնողը մասնագիտական կարգավիճակ չունի: Եթե նրա մոտ ձայնագրիչ կամ տեսախցիկ կա, ուրեմն, ԱԺ մուտք գործելու նպատակը նվազագույնը դավադրական է, դա կամ պետք է կանխել, կամ՝ համաձայնեցնել: Պարզ է, որ լրագրողը կախման մեջ է ընկնում ԱԺ աշխատակազմից: Հրայր Թովմասյանն այսպիսի խոչընդոտով լրագրողին զգուշացնում է խելոք մնալ նստաշրջանների ընթացքում, այլապես ընդհանրապես նրա մուտքը կբացառվի ԱԺ-ում նույնիսկ շարքային քաղաքացու կարգավիճակով:
Ըստ ամենայնի, արդարադատության նախկին նախարարը լրագրողների հաշվին ուժեղ պաշտոնյա է ուզում երևալ: Իբր, տեսեք-տեսեք, լրագրողների հախից գալիս եմ, հնազանդեցնում եմ նրանց: Դա դեռ կտեսնենք, իհարկե: Եվ հետո՝ ո՞րն է նման աչալրջության ինտելեկտուալ հենքը: Ո՞վ է Մհեր Սեդրակյանը, ո՞վ է Առաքել Մովսիսյանը, ո՞վ է Տարոն Մարգարյանի փեսան, ո՞վ է Սամվել Ալեքսանյանը կամ Նահապետ Գևորգյանը: Սրանք լրագրողնե՞ր են: Ո՞ւմ եք ումից ապահովագրում: Տեխնիկայի հետ ի՞նչ գործ ունես: Ինչո՞ւ ես բյուջեից միլիոններ ծախսել և անվտանգության սարքավորումներով հագեցրել ԱԺ-ն, եթե ձայնագրիչն ու տեսախցիկը մուտքի առանձին թույլտվություն են պահանջում: Ինչո՞ւ ես ընդունում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, որտեղ ամռանը և տարվա մնացած եղանակներին աշխատելու սահմանափակումների մասին խոսք չկա: Ուրեմն, կամ մտցրո´ւ համապատասխան սահմանափակումները, կամ կարգի´ հրավիրիր Հրայր Թովմասյանին: Եվ եթե, այնուամենայնիվ, պարոն Թովմասյանն այդքան անհրաժեշտ պաշտոնյա է մեր երկրի համար, չի՞ նշանակում, որ մեր երկրին անհրաժեշտ է օրենք «Հրայր Թովմասյանի մասին»: Որպեսզի բոլորս իմանանք, թե որն է մեր անելիքը կամ լինելիքը այդ մարդու գոյության դաշտում: Ունենք, չէ՞, այդպիսի պաշտոնյաներ, որոնց հագով օրենքներ են գրվել՝ Գագիկ Խաչատրյանը, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Սահմանադրություն ենք, չէ՞, ուզում բարեփոխել հատուկ Սերժ Սարգսյանի հագով:
Սակայն պարոն Թովմասյանի վարքի գլխավոր տողատակն այսօր այդքան էլ չի երևում: Ուշադրություն դարձնողը կնկատի, որ նման սահմանափակումների դիմում է այն պաշտոնյան, ով իրեն և իր հովանավորներին իրենց պաշտոններում տեսնում է երկար տարիներ: Այսինքն, իրեն համարում է ոչ միայն անփոխարինելի, այլև՝ անպատժելի: Այսինքն, գիտի, որ Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանն ԱԺ հավերժ օրենսդիրներ են, և ոչ ոք թող հույս չունենա, որ ԱԺ-ն մի օր դառնալու է քաղաքական մարմին, որտեղ բացառվելու է «քուչի ռազբորկեն»: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ է արել Հրայր Թովմասյանը: Նրան երաշխավորել են այս ԱԺ-ի անսասանությունը: Նրան լրագրողներին «գրողի ծոցն» ուղարկելու քարտ բլանշ են տվել: Ինչո՞ւ: Որովհետև պատրաստվում են ընդհանրապես արժեզրկել ԱԺ-ն: Իսկ արժեզրկումը պիտի վկաներ չունենա: Հրայր Թովմասյանի գլուխը վկա:
Թեմա
Մհեր Արշակյան










