Գլխավոր Լրահոս

«Խրամատ» օպերացիայի փոխարեն

«Խրամատ» օպերացիայի փոխարեն

Բանասիրական ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանն Ազգային ժողովն ուրիշ ոչնչի հետ համեմատել չկարողացավ «խրամատից» բացի ։ Ակնարկն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորները խորհրդարանից ոչինչ չեն հասկանում, բայց խրամատից կհասկանան։

Նկատենք, որ այդ ակնարկը դատարկ կրակոց է, որովհետև նախ ՀՀԿ խմբակցությունում քիչ չեն բանակում չծառայածները, երկրորդ, ի սկզբանե նրանք խորհրդարան են եկել նպատակային կրակոցների համար։ Իսկ նպատակային կրակոցները, մենք գիտենք, արվում են թաքստոցներից կամ դեմ առ դեմ։ Խրամատներում կանգնածներին փոխարինում են, իսկ ՀՀԿ պատգամավորներն «անփոխարինելի» են, վկա՝ Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը։ ԱԺ-ն խրամատի հետ համեմատելը սխալ էր նաև գեղագիտական ընկալման տեսանկյունից։ Խրամատը ճաշակ չի թելադրում։ Այն լաբիրինթոս է կամ ուղիղ գիծ, այնտեղ սարքավորումները չեն տրամադրում «ակտիվ» գործունեության։ Աչալրջությունն այնտեղ ի վերջո ջլատում է, անհրաժեշտ է մի քիչ թուլանալ։

Սերժ Սարգսյանը խորհրդարանը, գոնե ՀՀԿ խմբակցության համար, պետք է համեմատեր, ասենք, «Փարվանա» ռեստորանի հետ, քանի որ ոչ ոք, նկատենք, առանձնապես հաճույքով չի ծառայում բանակում։ Իսկ առաջին գծից փախչելու հնարավորությունը պարզապես «նվեր» է նրանց, ովքեր «մասնագիտացել» են փախուստի մեջ։ «Փարվանայի» հետ համեմատությունն ի վերջո նույնիսկ Սամվել Ալեքսանյանին կմղեր վազելու խորհրդարան, որն այսօր՝ խրամատի մասին դասախոսությունից մի քանի օր հետո, արդեն թռել էր խորհրդարանից։ Ավելի ճիշտ չէր էլ եկել։ «Փարվանայի» հետ համեմատությունից հետո խորհրդարանի աշխատանքի պայմանները պետք է համապատասխանեցվեին քեֆ-ուրախության մթնոլորտին։ Անհրաժեշտ կլիներ վերադարձնել Հովիկ Աբրահամյանին, քանի որ նա իր ախորժակն ի ցույց դնելու փորձ ունի, անգամ պարել է Ուրուգվայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։ «Փարվանա-խորհրդարան» նախագիծն իրականացնելուց հետո կամ նախագծի տրամաբանության շրջանակներում ԱԺ-ից պետք է բացառել լրագրողներին։ Նրանք այնտեղ անելիք չունեն այլևս, քանզի ո՞վ է տեսել, որ ուրիշի ախորժակը վկաներ ունենա։

Խրամատում ռաբիս չի հնչում, «օրենսդրական» աշխատանքով զբաղվելու ներշնչանքի աղբյուրն անկասկած անհրաժեշտ ատրիբուտ է «Փարվանա-խորհրդարան» նախագծում։ Խրամատում զինվորը նույնիսկ դիվերսանտ ադրբեջանցիներին չի կարող ասել «դավայ եղեք ստեղից սաղդ», որովհետև դիվերսանտին ընդունված է բռնել և «հյուրընկալել»։ Իսկ «Փարվանա-խորհրդարան»-ում ոչ ադրբեջանցի դիվերսանտ բռնելու կարիք կա, ոչ՝ «հյուրընկալելու», ոչ էլ ընդհանրապես պատկերացում կազմելու, թե ինչ բան է ադրբեջանցին, ինչ է դիվերսանտը, ինչ գործ ուներ «Փարվանա-խորհրդարան»-ում և ինչի համար պետք է բռնել նրան։ Խրամատում գոյություն ունեն ծառայողական չափորոշիչներ՝ զինվորը զինվոր է, դիրքերում գոյություն ունի հերթապահ, որը պատասխանատու է մաքրության համար, ինչ-որ մեկի վրա դրված է խոհանոցի պատասխանատվությունը։ Այստեղ ավելորդ քայլերը բացառված են, խրամատն իր շախմատն ունի, ոչ ոք այստեղ ավելորդ չէ, սակայն որոշ քայլեր կարող են լինել ավելորդ և ճակատագրական։ Հիմա անզեն աչքով էլ մեր խորհրդարանին նայելիս դժվար չէ գտնել այնտեղի ավելորդ դեմքերին, 95 տոկոսը բացառապես հանրապետական դեմքեր են։ Իսկ «Փարվանա-խորհրդարան»-ում, ես չեմ կասկածում, ոչ ոք ավելորդ չի լինի, սա է «հարազատեցնելու» խրամատը ռեստորանի հետ այն տարբերությամբ, որ խրամատում ոչ ոք ավելորդ չէ ի պաշտոնե և ըստ ծառայողական պարտականությունների, իսկ «Փարվանա»-ում դուք չեք գտնի մի հանրապետական, որն ինքն իրեն ավելորդ կհամարի։ Ո՞վ է տեսել, որ ուտող-խմող հանրապետականը ավելորդ լինի նույնիսկ քելեխի սեղանին։

ՀՀԿ խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, ըստ իս, Սերժ Սարգսյանը պետք է հատուկ ելույթով մի կողմ դնի սահմանադրական բարեփոխումները և խոսի խորհրդարանի «էությունը» բարեփոխելու մասին, այսինքն, վերաբարեփոխելու, քանզի «Խրամատ» օպերացիան ակնհայտորեն չի աշխատի, փախչողը փախչելու է խորհրդարանից։ Նկատեք, նախագիծը օպերացիայից քաղաքակիրթ է հնչում, բացառապես խաղաղասիրական է, բացառում է զենքը, ավելորդ շարժումների տեղ չի թողնում, արդարացնում է Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի օրենսդրական գործունեությունը։ Նախագիծը տեղ է թողնում մտածել, որ ռեստորանը կարող է աճել, աճել ու աճել և ընդգրկել ամբողջ երկիրը, նախագիծն ավարտուն գործողություն չէ, իսկ օպերացիան ենթադրում է ավարտուն գործողություն, հաճախ՝ զոհերով։ Հիշենք, տխրահռչակ «Կոլցո» օպերացիան արցախյան ազատամարտի առաջին ամիսներին։ Այնպես որ, Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի մտածել բանակն արժևորելու այլ եղանակ։ Իսկ ավելի լավ կլինի, որ նա խոսի առանց բանակային բառապաշարի։ Այլապես մնում է, որ ՀՀԿ-ն կամուֆլյաժներով մտնի խորհրդարան և ընդդիմադիրների «դեմ» կոճակի տակ փոքրիկ պայթուցիկներ դնի ու սկսի օրենսդիր աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում