Գլխավոր Լրահոս

Հայրենասիրությունն այն է, երբ դուք չկաք

Հայրենասիրությունն այն է, երբ դուք չկաք

Հայրենասիրական ակումբներ դպրոցներու՞մ ։ Ես լավ չեմ հասկանում՝ էդ երեխեքը մեծանալու իրավունք չունե՞ն։ Ինչու՞ եք որոշել, որ նրանցից ոչ ոք ծնող չունի։ Կա՞ մեկը, որն ինձ կասի, թե սահմանադրական բարեփոխումներում ամրագրվել է նաև երեխայի տախտակ լինելու իրավունքը։

Ի՞նչ է նշանակում հայրենասեր։ Նրանց ի՞նչ գործն է հայրենասիրությունը գործող դպրոցներ և կրթական համակարգ ունենալու պարագայում, ընկերներ։ Հայրենասեր դառնում են, երբ փախչում են դասերից։ Ձեզ այդ մասին ոչինչ չե՞ն ասել։ Հլը Ազգային ժողովին նայեք։ Չունե՞ք նման տպավորություն, որ այնտեղ գտնվողների մեծ մասը նույնիսկ մանկապարտեզից է փախել։ 1970-80-ականներին կայի՞ն հայրենասիրական ակումբներ, որ 90-ականներին Արցախ ու հարակից հողեր ազատագրեցին։ Ուրեմն չի՞ նշանակում, որ հիմնական շեշտադրումը ՀՀ ապագա քաղաքացիներից խոտ ստանալն է։ Այսինքն, դուք դեռ կասկածու՞մ եք մեր դպրոցներին։ Ես, իհարկե, կասկածում եմ։ Որովհետև ուսուցիչների ու տնօրենների մեծ մասը հանրապետական է։ Էս իրավիճակում, իհարկե, դպրոցը դադարում է լինել կրթության օջախ ու վերածվում է հայրենասիրական ակումբի։ Այսինքն, երբ քո գործով չես զբաղվում, կարող ես զբաղվել ամեն ինչով։ Կան, չէ՞, այդպիսի ունիվերսալ տղաներ, որոնց ծանոթով աշխատանքի ընդունվելիս հարցնում են՝ ի՞նչ կարող եք անել, պատասխանում են՝ ամեն ինչ։ Որովհետև հարցի մեջ արդեն զգում են գործատուի «թեթևությունը» շատ չքրքրելու ծանոթով իր մոտ հայտնվածին։

Լավ, էդ երեխեքը հնազանդորեն ներգրավվեցին էդ ակումբների մեջ, ասենք՝ առիթ-անառիթ բացասական գնահատականներ չստանալու գնով։ Իսկ նրանց ծնողներն ի՞նչ են ասելու։ Ասելու են՝ այսօրվանից երեխաս հայրենասե՞ր է։ Ասելու են՝ երեխաս դպրո՞ց է գնում։ Տղերք, դպրոցն այնքան ստերիլ օջախ է, որ եթե այնտեղ կես հանրապետական հայտնվեր, կդառնար դժոխք, ինչպես աֆրիկյան աղբանոցներում և մահացու վիրուսներ կրող ջրերում մեծացող երեխաների կյանքն է։ Դուք ինչու՞ եք այնտեղ հայրենասիրական ակումբներ բացում։ Մինչև հիմա հարցնում էի, չէ՞, բայց պատասխանը հո գիտեմ։

Որովհետև ժամանակակից Հայաստանից պատերազմի իրականություն եք կերտում, պատերազմը ձեր ուղեղներում է, դրա հաշվին եք ապրում, ուզում եք, որ բոլորը դա ընդունեն ի գիտություն։ Ըստ ձեզ, պատերազմը սահմանի բերանին չէ, այլ՝ այստեղ, թշնամին ծնողներն են, հարկավոր են հիտլերյուգենդներ։ Հարկավոր է մեր երեխաներից ստանալ Անաստաս Միկոյանի ասած պիոներ Կոլյա Շեգոլով, որը 1937-ին «հերոսաբար» կոմունիստների ձեռքը մատնեց «ժողովրդի թշնամի» իր հորը՝ Իոն Նիկոլաևիչ Շեգոլովին՝ սովխոզի շինմատերիալը մսխելու մեղադրանքով։ Տղերք, ձեզ երկիր պետք չէ, այլ՝ «գաղափարախոսություն»։ Դուք ուզում եք մի ամբողջ երկրի հավերժ հանրապետականացման հարցը լուծել ուրիշի մանկության հաշվին։ Իսկ մանկությունն ինչպե՞ս են ոչնչացնում՝ մարդու ուղեղը գետտոյացնելով։ Դպրոցների հերն անիծել եք, հասել եք մանկությանը։

Դուք մի օր չեք թաքցնի, որ ինքն իրենով Գարեգին Նժդեհը ոչ մեկն է, մինչև նրա հետ նույն հարթության մեջ չդնեք Ադոլֆ Հիտլերին, առանց Հիտլերի Նժդեհը չի ուտվի։ Այդքանից հետո ուզում եք հավատանք, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությու՞ն։ Մինչև մեզանից ադրբեջանցի, այսինքն, «սովխոզի շինմատերիալը մսխողներ» չկերտեք, այդ հակամարտությունը չի առարկայանա։ Ի վերջո, Հիսուս Քրիստոսի և Վիլյամ Սարոյանի գոյության դաշտում դուք ինչպե՞ս եք մեր երեխաներին կերցնելու Մանվել Գրիգորյանի կամ Արմեն Աշոտյանի հայրենասիրությունը։ Իսկ մենք՝ ծնողներս, ձեր կարծիքով որտե՞ղ ենք։ Եվ ձեզ ինչու՞ է թվում, որ խնդիրը Հայաստանի մեջ է և ոչ թե ձեր՝ հանրապետականների։ Հայրենասիրությունն այն է, երբ դուք չկաք։ Որովհետև հայրենասիրությունը անամպ երկինք է (այսինքն, ոչ թե անամպ, այլ բնության մասնիկ երկինքը), որն այսօր ոչ թե ամպոտ է, այլ՝ պղտորված, ինչպես Կահիրեի, Մեխիկոյի կամ Պեկինի երկինքը, այսինքն, հայրենասիրության հակառակը սմոգն է, տղերք։ Հայրենասիրության հակառակը ծառերի ջարդն է, այգիները սրճարաններով լցնելը, ուրիշի մանկության քաղաքը ձեր քաղքենիությամբ հագեցնելը։ Սմոգը պետք է վերացնել, ոչ թե հայրենասիրության ակումբներ բացել։ Այսինքն, եթե հանրապետականը չլինի, առայժմ, գոնե հանրապետականը չլինի, երկինքը կպարզվի։ Ի՞նչ կարող են անել ձեր ակումբները՝ արտագա՞ղթ են դադարեցնելու, աղքատություն են կրճատելու, կոռուպցիա են վերացնելու։ Ի՞նչ կարող են անել, որը չի կարող անել ՀՀԿ-ի լիկվիդացիան։

Ուրեմն, պարզ է, չէ՞, որ այս մի մատ երկիրը բռնել է ֆաշիզմի ուղին։ Պարզ է, չէ՞, որ հանուն իշխանության երկիրը խեղդելու եք ձեր ակումբներով։ Մինչդեռ ինչպե՞ս եք վարվելու երեխաների հետ, որոնք հանկարծ, առանց գաղափարական պատճառների, ուղղակի մանկության պարզ թելադրանքով, որոշում են չմասնակցել այդ ակումբների աշխատանքներին։ Գալու է, չէ՞, այդ օրը, երբ ամբողջ դպրոցով, այսինքն, այն հիմնարկով, որն այսօր դպրոց է կոչվում, մատնացույց եք անելու այդ երեխային և փորձելու եք նրանից ստանալ Պավլիկ Մորոզով։ Մենք հո հասկանում ենք, որ մեր երեխաները ձեր Թեղուտն են, որոնց մեջ արդեն հայտնաբերել եք բազմաթիվ «օգտակար հանածոներ» ձեր «գաղափարախոսական» «բյուջեն» լցնելու համար։ Եվ ինչու՞ է էս խեղճ երկիրը այսքան համբերությամբ, Քրիստոսաբար կրում այսքան սատանիստների աշխույժ անուղեղությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում