Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է iPhone-ի երկու նոր մոդել։ Գաջեթները, ըստ Verge-ի, ունեն նոր արտաքին տեսք, նախորդ մոդելներից տարբերվում են անկյունային (գոգավոր) դիզայնով, էկրանի չափսերով, կետայնությամբ և խտությամբ։
Գաջեթները ստացել են iPhone 6 և iPhone 6 Plus անվանումները: Առաջինն ունի 4,7 դյույմանոց էկրան, երկրորդը՝ 5,5 դյույմանոց։ Դրանք պատված են հատուկ ամրակայուն իոնային ապակով, հեռախոսների ետնամասերը ալյումինից են։ Էկրանի արգելափակման կոճակը տեղափոխվել է գաջեթի կողային մաս։ iPhone 6 Plus-ն ունի 7,1 մմ հաստություն (0,5 մմ-ով բարակ է քան iPhone 5s-ը), iPhone 6-ի հաստությունը 6,9 մմ է։
Երկու մոդելներն էլ աշխատում են Apple-ի նոր՝ A8 հիմնական, և M8 երկրորդային պրոցեսորնեով։ Վերջինս ապահովում է Touch ID սենսորի և մյուս տվիչների աշխատանքը։ A8 պրոցեսորը 25%-ով արագ է աշխատում և 13%-ով փոքր է նախորդ՝ A7 պրոցեսորից, որով աշխատում էին iPhone 5s-ն ու iPad Air-ը։
Ընկերությունում նշում են, որ iPhone 6-ի աշխատանքային ժամանակը խոսելիս կազմում է 14 ժամ, ինչը 40%-ով ավելի է iPhone 5s-ի համեմատ։ 3G և LTE ցանցերում նավարկելիս այս ժամանակահատվածը կրճատվում է մինչև 10 ժամի, ինչպես նախորդ մոդելներում է։ Նոր գաջեթների տեսախցիկները նույնպես թարմացվել են՝ ներդրվել է նոր սենսոր, ավելացել կետայնությունը, թեև խտությունը մնացել է նույնը՝ 8 Մգպ։
Գաջեթներն աշխատում են նոր՝ iOS 8 օպերացիոն համակարգով, որն ընկերությունը ներկայացրել էր 2014թ. սկզբին։ iPhone 6 Plus-ի՝ Apple-ի ամենամեծ սմարթֆոնի կառավարումն իրականացվում է հատուկ ռեժիմի օգնությամբ: Վերջինիս ակտիվացման համար անհրաժեշտ է երկու անգամ սեղմել Home կոճակը։
ԱՄՆ-ում 16 Գբ հիշողությամբ iPhone 6-ի արժեքը նույնն է ինչ iPhone 5s-ինը՝ $199, iPhone 6 Plus-ը կարժենա` $299։
Civilnet











