Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կկայանա Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը։ Արթուրը ներկայում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնն է և փորձելու է պահպանել տիտղոսն առաջիկա մրցամարտում։
Անդրադառնալով առաջիկա ստուգատեսին՝ Աբրահամն «ԱրմենՊրեսի»-ի հետ զրույցում ասել է, որ թեպետ ընդունում է, որ Փոլ Սմիթն ուժեղ մարզիկ է, սակայն թույլ չի տալու, որպեսզի նա խլի իրենից չեմպիոնական տիտղոսը։
«Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը: Ամեն ինչ անելու եմ, որ սեպտեմբերի 27-ի մենամարտում հաղթեմ: Ընդունում եմ, որ Փոլ Սմիթն ուժեղ մարզիկ է, բայց թույլ չեմ տա, որ նա ինձանից խլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ե՛ս պետք է հաղթեմ», - ասել է Աբրահամը:
«Լավ պատրաստվում եմ գալիք մենամարտին: Ներկայում մարզվում եմ Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Փոլ Սմիթի ոճին համապատասխանող բռնցքամարտիկների հետ», - հավելել է մեր մարզիկը։
Civilnet











