Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հասան «Էյր Արմենիա»-ին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հասան «Էյր Արմենիա»-ին

Լուսանկարը՝ «Էյր Արմենիա»-ի Ֆեյսբուքի էջից:

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան» հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 21-ից հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերության ավիանավիգացիոն սպասարկումը Ռուսաստանի օդային տարածքում դադարեցվելու է։

«Հայկական ավիափոխադրողի համար ավիանավիագացիոն սպասարկման դիմաց վճարումների ժամկետը շարունակաբար հետաձգվել է: Չնայած «Էյր Արմենիա»-ին ընձեռնվել են պարտքերի մարման բոլոր հնարավորությունները՝ ընկերության  ղեկավարությունը գործուն քայլեր չի ձեռնարկել պարտքային ծանաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Ներկայում «Էյր Արմենիա»-ն ռուսական  «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա»-ին ունի 400 հազ. դոլար հետաձգված և 700 հազ. դոլար ընթացիկ պարտք», - ասված է ռուսական կորպորացիայի հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը նշում է, որ ավիանավիգացիոն սպասարկման դիմաց չվճարումները ուղղակի ֆինանսական վնաս են պատճառում կորպորացիային, քանի որ «ընկերությունը բյուջե հարկեր է վճարում՝  անկախ հանգամանքից՝ ավիափոխադրողները վճարում են սպասարկման համար, թե ոչ»:

 Ռուսական կորպորացիան հայտարարել է նաև, որ սպասարկումը կվերականգնվի «Էյր Արմենիա»-ի կողմից հետաձգված պարտքերի ամբողջական և ընթացիկ պարտքերի մարման երաշխիքներ ներկայացնելուց հետո:

«Էյր Արմենիա»-ն, իր հերթին, հայտարարել է, որ ավիաընկերությունն իրականացնում և իրականացնելու է չվերթներն ըստ չվացուցակի: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  դեռ մեկուկես ամիս առաջ բոլոր փոխանցումները «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա»-ին կատարվել են առանց խնդիրների՝ դոլարով, սակայն դրանք հասցեատիրոջը չեն հասել, քանի որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են կիրառվել ռուսական «ՍՄՊ» բանկի նկատմամբ, որտեղ գտնվում են կորպորացիայի հաշիվները:

Հայկական ավիափոխադրողը ռուսական կողմի հետ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո համաձայնության է եկել գումարները ռուբլիով փոխանցելու շուրջ:

«Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք ռուբլիով փոխանցումներ, որոնք հասել են հասցեատիրոջը: Հերթական 108 հազ. դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիաբանկ»-ը գրավոր տեղեկացրեց մեզ, որ պատժամիջոցների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել»,- ասված է «Էյր Արմենիա»-ի հաղորդագրությունում:

Բանակցությունների արդյունքում ընկերությունը  ռուսական կորպորացիայի հետ համաձայնության է եկել, որ մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացվեն բանկային այլ տվյալներ (բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների տակ)՝ փոխանցումները իրականացնելու համար, և դրանք ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում