Գլխավոր Լրահոս

Միշտ արանքում, եղբայր, միշտ արանքում

Միշտ արանքում, եղբայր, միշտ արանքում

Վլադիմիր Գասպարյանը վատ ոստիկանապետ է: Չեմ խոսում այն մասին, որ իր լիազորությունները շրջանցելով` հարվածում է ձերբակալվածին, չեմ խոսում, որ շատ է տարված ինքնագովազդով: Նա վատ ոստիկանապետ է, որովհետև իշխանություն ասելով հասկանում է Սերժ Սարգսյան, իսկ ընդդիմություն ասելով՝ բոլոր նրանց, ովքեր սպառնում են Սերժ Սարգսյանին: Նա վատ ոստիկանապետ է, որովհետև ասում է, թե «ներքաղաքական ստաբիլ վիճակն ուղղակի կախված է մեր սահմանի հետ»:

Դու սահմանի հետ գործ չունես, մարդ Աստծո, սահմանի համար պատասխանատուներ կան, օգոստոսին ամբողջ երկիրը ցույց տվեց, որ սահմանի զգացում ունի, և քո ծպտունի կարիքը չկա: Եթե ադրբեջանցին սպասում է մեր թեժ աշնանը, դա քո խնդիրը չէ, էդ մասին թող խոսի Սեյրան Օհանյանը, և մենք կմտածենք, թեկուզ տարակուսանքով, թեկուզ չհասկանալով, թեկուզ չհամաձայնելով, բայց կմտածենք: Որովհետև նա երկխոսության հակված մարդ է: Նա չի ծիծաղում լրագրողի վրա: Դու ծիծաղում ես: Դու ծիծաղում ես, այդպիսով ցույց տալով, թե ինչ վերմարդկային անպատժելիություն ես ներկայացնում քեզնից: Դու ծիծաղում ես, որովհետև մարտի 1 ես մարսել: Հենց այդպես մի քանի օր առաջ ծիծաղում էր Աղվան Հովսեփյանը: Ծիծաղում եք, որովհետև իրար եք խառնում թեժ աշունները բախումների չվերածելու ընդդիմադիր կուսակցությունների ջանքն ու ձեր ի պաշտոնե և օրենքով կարգը պահպանելու լիազորությունները: Ձեզնից չեն վախենում, տղե՛րք, ավելի սարսափելի սպառնալիքներ հնչեցրեք, անգամ զրոյի արժեք չունեն: Նորից տանկերով ու չերյոմուխաներով դուրս եկեք ժողովրդի դեմ: Կարծում եք կվախենա՞ն: Ոչ: Նրանք բախման հակված չեն: Որովհետև գիտեն՝ հանրահավաքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սպառվում են այլ ամբիոններում խոսք ասելու կամ հասկացնելու բոլոր հնարավորությունները:

Ինքներդ էլ եք համոզվել, որ հենց այնպես հանրահավաք չի լինելու: Դուք այն հասունացրել եք ձեր ապօրինություններով, իսկ ընդդիմությունը՝ քաղաքական գործընթացներով: Միմյանց օգնել եք, ինչո՞վ եք վախեցնում: Բայց ձեզ չի բավարարում փաստը, որ ժողովուրդը բախման հակված չէ: Չի բավարարում, որովհետև երաշխիք չունեք, որ թեժ աշունները բախումների չվերածելու ընդդիմադիր կուսակցությունների ջանքն անսահման է, ժողովուրդ է, մի օր կարող է ափերից դուրս գալ: Ընդ որում ոչ թե այն պատճառով, որ էդ ջանքը չհերիքեց, այլ որ դուք եք մեջ ընկնում: Երբ Աղվան Հովսեփյանն ասում է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներն են խանգարում սպանությունների բացահայտմանը, մենք հո գիտենք, թե քեզ ինչպես է քաջալերում, հարգելի ոստիկանապետ: Նա ուզում է ասել, որ ապագա զոհերի հարազատները նույնպես խանգարելու են, ուզում է հասկացնել, որ հանգիստ կարող եք սպանել, էդ զոհերի հարազատները նույնպես կխանգարեն: Ինչը նշանակում է, որ այդ սպանությունները նույնպես չեն բացահայտվի:

Հիմա, երբ ներքաղաքական թեժ աշնան շունչ է զգացվում, մեջտեղ եք գալիս: Կողմնորոշվիր, պարոն Գասպարյան, կամ սահմանն է քեզ հետաքրքիր, կամ Սերժ Սարգսյանը, որը քո ոստիկանապետ լինելու երաշխավորն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանին էլ հանգիստ թող: Թեժությունը նրան չի սպանի, ընդամենը կկանոնակարգի նրա հեռացման եղանակները: Չի բացառվում նույնիսկ, որ մնա, բայց արդեն այս երկրում իր ու քո տեղն իմանալով: Դու վատ ոստիկանապետ ես, որովհետև սկզբից մինչև վերջ դատում ես միայն մարդկանց սադրանքների մեջ ներքաշելու և ըստ այդմ պատժելու մասին: Խելքը գլխին մարդը չի ասի՝ ցանկացած օրինախախտ, ավելին՝ ոստիկանի հանդեպ ցանկացած ոտնձգություն խստագույնս կպատժվի: Չի ասի, որովհետև քիչ առաջ սահմանից էիր խոսում: Ինքդ էլ չես զգում, որ տարբերակում ես սահմանը ոստիկանից: Այսինքն, ինքդ էլ չես զգում, որ ճիշտ ես խոսում, դրանք իսկապես տարբեր բաներ են: Նախ, ներքաղաքական գործընթացը չի կարող թեժ չլինել թեկուզ այն պատճառով, որ լեգիտիմ ընկալման ինստիտուտներ Հայաստանում չկան, նույնիսկ քո նշանակումը լեգիտիմ չէ, որովհետև ինքդ քեզ դուրս ես դնում լեգիտիմությունից հենց մտածում ես միայն նշանակողի անվտանգության մասին: Ինքնին պարզ չէ՞, որ ոչ միայն ոստիկանի, այլև իր նման մեկի հանդեպ ոտնձգությունն է պատժելի: Ինչո՞ւ ես այդ մասին զգուշացնում: Զգուշացնում ես, որովհետև գիտես, որ «լինելու» է այդ ոտնձգությունը, այսինքն, կազմակերպելու եք:

Երկրորդ, ոստիկանապետ մարդ ես, ձերբակալիր բոլոր ընդդիմադիր գործիչներին, որպեսզի նման անհեթեթություններ ասելու կարիքը չունենաս: Իսկ քանի դեռ ընդդիմադիր կուսակցությունները «Կուսակցությունների մասին» օրենքի շրջանակում գոյություն ունեն, մի՛ ձգտիր քրեական հոդվածներ կուտակել քո անձնական գործում: Նրանց քաղաքական գործունեությունը՝ արտահայտված հրապարակներում, քո գործը չէ, դու չես գրել կամ քո դաբրոյով չեն գրվել խոսքի ազատության մասին օրենքները: Հետևաբար, հարգելի պարոն Գասպարյան, խնդրում եմ, ներքաղաքական գործընթացների մասին խոսելիս մոռացի՛ր Սերժ Սարգսյանի մասին, մոռացի՛ր ընդդիմադիրների մասին, մոռացի՛ր իշխանության կամ շարքային քաղաքացիների մասին: Մոռացի՛ր դժգոհների կամ բավարարվածների մասին: Նրանք քեզնից անկախ կան: Բոլորը քեզնից անկախ ունեն իրենց տեղն այս կյանքում: Մի փնտրիր փորձություններ ոստիկանության համար, պարզապես պահպանիր դժգոհների անվտանգությունը գոհերից, որովհետև կրակում են գոհերը, մարդ Աստծո: Հանրահավաքի ժամանակ դժգոհները պարզապես լսում են, թե ինչպես է քաղաքական ուժը ձևակերպում իր խնդիրները: Եվ վերջ: Թեժ կլինի աշունը, ձյուն կգա էդ աշնան վրա, թե չի գա, քո գործը չէ: Եղիր այնտեղ, որտեղ անհրաժեշտ ես համարում լինել, բայց միշտ արանքում, եղբայր, միշտ արանքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում