Գլխավոր Լրահոս

Արիավան. իրականություն դարձած երազանք

Արիավան. իրականություն դարձած երազանք

Արցախ այցելողները կանգ են առնում դեպի Աղավնո գետի հովիտ տանող ոլորապտույտ ճանապարհի եզրին և հիանում ու հպարտանում կարմիր տանիքներով, միմյանցից ներդաշնակ հեռավորությամբ վեր բարձրացող առանձնատներով: «Այն երազը, որ մենք ունեինք, արդեն իրականություն է դարձել»,- ասաց «Արցախ Րութս Ինվեսթմենթս» (Artsakh Roots Investments) ներդրումային ընկերութան բաժնետերերից Բենիամին Բչաքչեանը՝ դիմելով լիբանանահայ գործարարներին, ովքեր եկել էին Արիավան՝ սեփական աչքերով տեսնելու իրականությունը:

Արիավանը նախկին Աղավնո գյուղի տարածքում կառուցվող գյուղն է՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա: Նորակառույց գյուղն ունենալու է 150 տուն՝ երեք թաղամասերով, որոնք կրելու են Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած երեք սփյուռքահայերի անունները՝ Վիգեն Զաքարյան, Մհեր Ջուլհաջյան և Կարո Քահքեջյան: Արդեն ավարտվում է առաջին 50 բնակարանների շինարարությունը:

«Արցախ Րութս Ինվեսթմենթս» ընկերությունը Արցախում՝ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, իրականացնում է երկու հիմնական ծրագիր՝ գյուղատնտեսության վարկավորում և բնակարանաշինություն: Ընկերությունը Արցախի Ագրոֆոնդին երկարաժամկետ, տարեկան 6 տոկոսով վարկեր է տրամադրում, իսկ Ագրոֆոնդը դրանք ուղղում է դեպի գյուղ: «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի տրամադրած վարկերի շնորհիվ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ցանքատարածությունները ավելացել են 5.000 հեկտարով, անասունների գլխաքանակն ավելացել է մեկուկես անգամ: Նկատելիորեն ավելացել է նաև մեղվափեթակների քանակը:

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, դիմելով Արիավան ժամանած շուրջ 70 լիբանանահայ ներդրողներին, ասաց, որ շուտով 50 ընտանիքներ կունենան բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապրելակերպի պայմաններ: «Ինձ համար «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ը և «Արցախ» ֆոնդը հարազատ են: Արդեն յոթերերոդ տարին «Արցախ» ֆոնդը մեկ կով է տրամադրում Շահումյանի և Քաշաթաղի յուրաքանչյուր ընտանիքի, որտեղ ծնվում է երրորդ երեխան: «Արցախ Րութս Ինվեսթմենթս» ընկերության երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով տրամադրած վարկերի շնորհիվ Շահումյանի և Քաշաթաղի բնակիչները կարողանում են հող մշակել, զարգացնել անասնապահությունը և մեղվաբուծությունը»,- ասաց Հարությունյանը:  

Արցախի վարչապետը ընդգծեց, որ բնակարանաշինության ծրագրեր են իրականացվում ոչ միայն Արիավանում, այլ նաև Քաշաթաղի Կովսական քաղաքում և Իշխանաձոր գյուղում: «Սա է մեր պատասխանը այն մարդկանց, ովքեր ասում են, որ ազատագրված տարածքներում երկարաժամկետ ծրագրեր չեն իրականացվում, որ իբր այս տարածքները չեն զարգանում: Միայն Աղավնո գետի վրա կառուցվել է 5 հիդրոէլեկտրակայան»,- շարունակեց Հարությունյանը:

ԱՐԻ-ի խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանի խոսքը հակիրճ էր և զգայացունց. «Բարով եք եկել մեր գյուղ: Սա մեր գյուղն է, սա իմ գյուղն է: Այս հողերի վրա նոր տներ պետք է կառուցվեն, որ այս բարեբեր շրջանը վերաբնակեցվի: Սա սքանչելի հայրենիք է»:

«Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի անդամներից Ստեփան Տեր-Պետրոսյանը, ինչպես խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը, վառ կարմիր գույնի T-shirt էին կրում: «Կարմիրը հեղափոխության, վարդերի, սիրո գույն է»,- ասաց նա՝ դիմելով Աղավնո գետի ափին հավաքված Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին ու սփյուռքահայ գործարարներին: Տեր-Պետրոսյանը նշեց, որ ճիշտ ժամանակին իրենք բարեսիրությունից անցան նոր փուլի՝ Արցախում ներդրումների:

«2010 թվականից ի վեր մեր տրամադրած վարկերից Քաշաթաղի և Շահումյանի շրջանում օգտվել է շուրջ 1.000 գյուղացի: Այսօր ավարտական փուլում է Արիավանի 50 տների շինարարությունը: Արիավանը կառուցվում է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի վրա: Սա մեր հայրենիքի մի մասն է, այս հողերը չենք տա մեր հակառակորդին: Ես Սփյուռքում ասում եմ՝ դուք առիթը չունեցաք ձեր արյունը տալ Արցախի ազատագրման գործին, բայց հիմա այլ առիթ ունեք և ձեր ներդրումներով կարող եք ցույց տալ ձեր նվիրումը հայրենիքին»,- նշեց Տեր-Պետրոսանը:

Աղավնո գետի ափին տեղի ունեցած միջոցառումից հետո Արցախի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետ Արա Հարությունանի գլխավորութամբ, և լիբանանահայ գործարարները ճաշի հրավիրվեցին մեկ այլ գետի՝ Հակարիի ափ:

«Արցախ» ֆոնդի գործը՝ յոթ տարում ավելի քան 800 կով

«Արցախ» ֆոնդը արդեն յոթ տարի մեկական կթու կով է տրամադրում Շահումյանի և Քաշաթաղի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան: Այս տարի պետք է տրամադրվի 124 կով: Կովերը ընտանիքներին բաշխելու նպատակով Լիբանանից ամեն տարի մեկ-երկու շաբաթով Արցախ են ժամանում կամավորներ: Արդեն մի քանի տարի կովերը բաշխելու գործը համակարգում է Մարալ Մահսերեճյանը: Բացի այդ՝ Մարալը մեկ տարի առաջ Կովսականում հիմնել է կանանց համագործակցության խորհուրդ:

Կահիրեից Տիգրան և Անգինե Գալայճյան ընտանիքը, որ արդեն երկրորդ անգամ է այցելում Արցախ՝ մասնակցելու «Արցախ» ֆոնդի կովեր բաժանելու արարողութանը, այս անգամ էլ մեկ կով նվիրեց մի ընտանիքի, որտեղ ծնվել էր երրորդ երեխան: Նվեր ստացողը փոքրիկ Գոհարիկն էր: «Մենք երեխա չունենք, սրանք են մեր երեխաները»,- ասացին Տիգրան և Անգինե Գալայճյան ամուսինները, նկարվեցին Գոհարիկի հետ և խոստացան, որ այս հողերում սա նրանց նվիրած վերջին կովը չի լինելու:

Երեք ավտոբուսներով լիբանանահայերը Բերձորից շարժվեցին դեպի Կովսական: Բերձորից Կովսական մի քանի ճանապարհ կա: Ընտրվեց ամենից երկարը, քանի որ մյուս ճանապարհները բարվոք վիճակում չեն: Բերձորից շարժվեցինք դեպի Գորիս, ապա Կապան և չհասած Սյունիքի մարզկենտրոն, թեքվեցինք դեպի Կովսական: 150 կմ երկարությամբ ճանապարհը անցանք 4 ժամում:  

Երբ հասանք Կովսական, արդեն մթնում էր: Գործարարներին ուղեկցող կանայք տեղի երեխաներին բաժանեցին խաղալիքներ և շոկոլադ: Բացօթյա պայմաններում իրենց ձեռագործ աշխատանքները վաճառքի էին հանել քաղաքի Կանանց համագործակցության խորհրդի աղջիկներն ու տիկինները: Ձեռագործ աշխատանքների մեծ մասը գնեցին «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի բաժնետերերն ու «Արցախ» ֆոնդի բարերարները: Մարալ Մահսերեճյանը ուրախությունից հուզվել էր: Նրա մեկ տարվա ջանքերն ու նվիրումը գնահատվեց հավուր պատշաճի:

Բացօթյա պայմաններում ելույթ ունեցավ «Թաթուլ» ազգագրական համույթը: Խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Մարտիրոսյանը «Արցախ» ֆոնդի ատենապետ Մելքոն Հակոբյանին նվիրեց մի նկար՝ իր երախտագիտությունը հայտնելով այն  օժանդակության  համար, որ տրամադրում է «Արցախ» ֆոնդը: «Արցախ Րութս Ինվեսթմենթս»-ի խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը առաջարկեց նվերը տեղում հանել աճուրդի և ստացված գումարը ուղղել նույն «Արցախ» ֆոնդին: Մելքոն Հակոբյանը համաձայնվեց: Նախնական գին սահմանվեց 60 դոլարը: Հինգ րոպե անց աճուրդը ավարտվեց: Նկարը 300 դոլարով ձեռք բերեց Մարալ Թասլաքյանը:   

Կովսականում երեք ընտանիքներ ստացան մեկական կով:  Անուշ Ղարիբյանը ունեցել էր 6-րդ երեխան: Փոքրիկ Մհերին կով նվիրեց 89-ամյա Մելինե Գոնճյանը: Քանի որ առաջացած տարիքով տիկինը չէր կարող լինել Արցախում՝ Կովսականում, նրա փոխարեն այդ հաճելի գործը կատարեց նրա դուստրը՝ Շողիկ Գոնճյանը՝ Բեյրութից: Կովսականցի Նելլի Նիկողոսյանը ունեցել էր երրորդ երեխան: Փոքրիկ Էլենին կով նվիրեց Պիեռ Հատտեջյանը՝ Բեյրութից: Մեկ այլ կովսականցի՝ Ծաղկանուշ Մանուկյանը, ունեցել էր երրորդ երեխան: Փոքրիկ Արամին կով նվիրեց Կարեն Կարամանուկյանը՝ Բեյրութից:

Կովսականից երեք ավտոբուսներով մենք Ստեփանակերտ հասանց կեսգիշերն անց: 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում