Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է իր ակումբի հնարավորությունները Չեմպիոնների լիգայի՝ վաղը մեկնարկելիք նոր մրցաշարում։ Նա կարծիք է հայտնել, որ «Բորուսիան» ի վիճակի է կրկնել երկու տարի առաջ արձանագրված հաջողությունը և կրկին դուրս գալ եզրափակիչ։
«Մենք կրկին կարող ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մենք բավարար ներուժ ունենք և ամեն ինչ կանենք այդ նպատակին հասնելու համար։ Սակայն դրա համար նախ պետք է դուրս գանք խմբից», - ասել է 25-ամյա կիսապաշտպանը՝ հիշելով նախորդ մրցաշրջանը, երբ ինքը Մադրիդի «Ռեալի» հետ քառորդ եզրափակչի դիմակայությունում չի կարողացել իրացնել մի շարք նպաստավոր պահեր, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել Հենրիխի վրա։ Այս մասին հաղորդում է գերմանական Spox.com մարզական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2014/15 խաղարկությունը մեկնարկում է վաղը՝ սեպտեմբերի 16-ին։
Դորտմունդի «Բորուսիան» ընդգրկված է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լոնդոնի «Արսենալը», բելգիական «Անդերլեխտն» ու թուրքական «Գալաթասարայը»։ Գերմանական ակումբը մեկնարկում է վաղը «Արսենալի» հետ սեփական հարկի տակ խաղով։
Civilnet











