Գլխավոր Լրահոս

Խարբերդի Վարդաթիլ և Գայլու գյուղերում

Խարբերդի Վարդաթիլ և Գայլու գյուղերում

80-ամյա Հակոբ Հովակիմյանի դեմքը ծածկվել էր մանկան ուրախությամբ ու ժպիտով: Առաջին անգամ այդ ժպիտն ու ուրախությունը նրա դեմքին երևաց Գայլու գյուղում, ապա և Վարդաթիլում: Գայլուն պարոն Հակոբի մորական, իսկ Վարդաթիլը` հորական գյուղն է: Երկուսն էլ Խարբերդի դաշտում են` Բինգյոլի լեռներից դեպի հյուսիս` Դիարբեքիր տանող հին ճանապարհի վրա:

Դեպի Արևմտյան Հայաստանի Խարբերդի շրջան մեր ճամփորդությունը դամասկոսաբնակ Հակոբ Հովակիմյանի և նրա որդու` Րաֆֆի հետ, սկսեցինք Երևանից սեպտեմբերի 4-ի վաղ առավոտյան: Նախքան նպատակակետը` Վարդաթիլ և Գայլու հասնելը, մենք այցելեցինք Արդահան ու Կարս և գիշերեցինք Կարսի բերդից, Վարդանի կամրջից ու Առաքելոց վանքից ոչ հեռու գտնվող մի հյուրանոցում: Երեկոյան մենք քայլեցինք Կարսի փողոցներով, իսկ մյուս օրը վաղ առավոտյան բարձրացանք բերդ, եղանք Առաքելոց վանքում և այն տան ավերակների մոտ, որտեղ, ըստ որոշ պնդումերի, ապրել են Աբգար աղան ու նրա որդին` նաիրյան պոետ Եղիշե Չարենցը:

Ապա ուղևորվեցինք Անիի ավերակներ, Տարունական աղոթք ասացինք Մայր տաճարում, հիացանք Բագրատունիների թագավորության չքնաղ մայրաքաղաքի մյուս եկեղեցիներով ու արքունական շինություններով: Կեսօրից հետո շարունակեցինք մեր ճամփան դեպի Իգդիր, որտեղ ծնվել են զորավար Դրոն ու Ավետիս Ահարոնյանը, անցանք Բայազետի դաշտով, Բիբլիական Արարատ լեռը դիտեցինք հյուսիային և արևմտյան կողմից, իսկ երեկոյան կողմ հասանք Վան: Օրն ուրբաթ էր: Երկու օր անց սպասվում էր հերթական տարեկան Սուրբ պատարագը Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում:

Վանում գիշերելուց հետո շաբաթ վաղ առավոտյան ուղևորվեցինք Խարբերդ` վստահ լինելով, որ կկարողանանք այցելել պարոն Հակոբի հայրական և մայրական գյուղերը, նույն օրը վերադառնալ Վան, որպեսզի հաջորդ առավոտ ներկա լինենք պատարագին: Ճանապարհը Վանից դեպի Տատվան հիմնականում անցնում է լճի հարավային ափամերձ հատվածով: Եվ պարոն Հակոբը և նրա որդին` Րաֆֆին, առաջին անգամ էին այցելում Արևմտյան Հայաստան: Տատվանից ճանապարհը բաժանվում է երեք մասի. մեկը լճի հյուսիսային ափերով տանում է դեպի Արճեշ և Ալաշկերտի դաշտ, երկրորդը` դեպի Բիթլիս, Սասուն ու Դիարբեքիր, երրորդը` դեպի Մուշ, Բինգյոլ ու Խարբերդ:

Մենք ընտրեցինք երրորդ ուղին` հուսալով, որ վերադարձի ճանապարհին կայցելենք Մուշ քաղաք, կզրուցենք մահմեդականություն ընդունած, բայց մասամբ ինքնությունը և լեզուն պահպանած տեղի հայերի հետ: Եթե ժամանակը թույլ տար, ապա շրջայց պետք է կատարեինք Բիթլիսում` Վիլյամ Սարոյանի ծնողների ծննդավայրում: Անցանք Մշո բարեբեր դաշտերով ու Մուշ քաղաքի կողքով: Գրեթե հասել էինք Բինգյոլ, երբ մեր մեքենայի հետ լուրջ անսարքություն առաջացավ, և Խարբերդ հասնելու համար մենք ստիպված եղանք օգտվել թուրքական տաքսիից:

Նախապես ես ուսումնասիրել էի Խարբերդի դաշտի գյուղերի տեղադրությունը, բնակավայրերի հայկական անունները նախքան 1915-ը, ինչպես նաև` այսօրվա անունները: Այդ հարցում ինձ օգնել էին պատմաբան Վահե Թաշճյանն ու նրա ստեղծած կայքը` “Հուշամատյանը”: Իմ նոթատետրի մեջ ես գծել էի քարտեզ, որտեղ Խարբերդի դաշտի գյուղերի հին հայկական և ներկա թուրքական  անուններն էին:

Ուշադրությամբ հետևում էի ճամփեզրի նշաններին: Երբ աչքովս ընկավ Կարշըբաղ անունը, ոգևորությունից  գրեթե գոռացի և իմ ջարդված թուրքերենով տաքսու երիտասարդ քուրդ վարորդին կարգադրեցի շեղվել դեպի Խարբերդ տանող գլխավոր ճանապարհից և թեքվել դեպի ձախ: Մենք գտել էինք պարոն Հակոբի մայրական գյուղը: Սա նախկին հայկական Գայլու գյուղն է` Դիարբեքիր տանող հին ճանապարհի վրա:

- Գայլուն մորս գյուղն է: Մորս անունը Մարիամ էր: Մորս հոր անունը Խայո Խաչո է եղել,- ասաց 80-ամյա պարոն Հակոբը` իջնելով տաքսուց:

Երբ տաքսին կանգ առավ գյուղի թեյարանի հարևանությամբ, հավաքված մարդիկ դոմինո էին խաղում, թեյ խմում և զրուցում: Այս տեսարանը բնորոշ է Թուրքիայի գյուղական բնակավայրերին: Բոլորս իջանք տաքսուց, մոտեցանք մարդկանց և սկսեցինք բարևել թուրքերենով: Հավաքվածները մի քիչ զարմացած, բայց հանգիստ զննում էին անծանոթ հյուրերին:

Մեկ-երկու ժամ մնացինք նախկին Գայլու գյուղում: Այսօր գյուղում կա մոտ 300 տուն` քրդեր և թուրքեր: Պարոն Հակոբը գյուղի տարեցներից հարցուփորձ արեց` լսել ե՞ն իր պապի մասին, ո՞ւր են գյուղի նախկին բնակիչները` հայերը: Գյուղացիները, սակայն, վերապահ էին և չէին ուզում այդ մասին խոսակցություն սկսել: Բոլորը գիտեին, որ հարյուր տարի առաջ գյուղում հայեր են ապրել, որ գյուղի նախկին անունը Գայլու է: 

Երբ պատրաստվում էինք հեռանալ, մեզ մոտեցավ Սինան անունով մի քուրդ և առաջարկեց քայլել դեպի մոտակա կամուրջ` Հարինգիթ Քյոփրյու: Կամրջի քարերի մեջ նա մեզ ցույց տվեց մի մեծ քար, որի վրա դժվարընթեռնելի հայկական գիր կար: Ապա քայլեցինք դեպի հայկական  գերեզմանոց: Գերեզմանաքարերի մի մասը դեռ կիսականգուն էր: Արդարացված չի լինի ասել, որ գերեզմանոցը պղծված էր:  Պարզապես, արդեն հարյուր տարի Գայլույում թաղված հայ ննջեցյալների շիրիմներին այցելողներ չկան:

Գայլուից շարժվեցինք դեպի Վարդաթիլ` պարոն Հակոբի հայրական գյուղ: Հարյուր տարի առաջ Վարդաթիլը շեն գյուղ է եղել 700 հայ բնակիչներով: Գյուղն ունեցել է Սուրբ Գևորգ եկեղեցի` կից վարժարանով: 1915-ին գյուղը ենթարկվել է տեղահանության, բնակիչների մեծ մասը սպանվել է գաղթի ճանապարհին: Այսօրվա Վարդաթիլը, որ կրում է Եազըքոնաք անունը, շուրջ 10 հազար բնակչությամբ ավան է` գրեթե կպած Խարբերդ, այսօրվա Էլյազըղ քաղաքին: Այսօրվա բնակիչների մեծ մասը քրդեր են, կան նաև ալևիներ ու թուրքեր: 

Մենք կանգ առանք գյուղի թեյարանի հարևանությամբ, բացատրեցինք այցելության նպատակը: Պարոն Հակոբը կրկին գործի դրեց իր թուրքերենը: Թեյարանում հավաքվածներին նա հարցնում էր` գուցե հիշում ե՞ն իր հորը` Հայկազ Հովակիմյանին, գուցե լսել ե՞ն իր պապի մասին: Խոսակցությունը թեյի սեղանի շուրջ էր: Պարոն Հակոբը բոլորին թեյ հյուրասիրեց: Նա հանգիստ, հանդարտ հարցնում էր` ո՞ւր են հայերը: Նույն հանգստությամբ ու հանդարտությամբ գյուղացիները պատասխանում էին` հայերը հեռացել են հարյուր տարի առաջ` կում անելով թեյն ու լեզվի վրա հալեցնելով շաքարի հերթական կտորը: Բոլորը լավ գիտեին, որ Եազըքոնաքը նախկին հայկական Վարդաթիլն է, որ այս գյուղում հարյուր տարի առաջ հայեր են ապրել:

Վարդաթիլից հեռանալուց առաջ ավտոմեքենայով շրջեցինք ավանում: Ռեջեփ անունով մի քուրդ էր մեզ ուղեկցում: Նա մեզ ցույց տվեց այն թաղամասը, որտեղ եղել է հայկական Վարդաթիլը, ցույց տվեց ավերված Սուրբ Գևորգ եկեղեցու և գերեզմանատան տարածքը, որտեղ նոր շինություններ են բարձրացել:

- Իմ հայրը երազում էր տեսնել Վարդաթիլը: Նա միշտ ասում էր, որ ինքը չի տեսնի, բայց ասում էր` դո’ւ կգնաս: Կատարեցի հորս փափագը,- ասաց պարոն Հակոբը, երբ արդեն հեռանում էինք Վարդաթիլից:

Ուշ երեկոյան վերադարձանք Բինգյոլ և գիշերեցինք տեղի նորակառույց հյուրանոցում: Մեր ծրագրերը փոխվեցին, քանի որ մեր մեքենան անսարք վիճակում էր և այլևս հնարավոր չէր հասնել Վանի Աղթամար կղզի` ներկա լինելու Սուրբ պատարագին: Բինգյոլից ուղևորվեցինք Կարին (Էրզրում), ապա Թորթումով, Օլթիով, Արդահանով հասանք Վրաստան`Ջավախք, իսկ այնտեղից` Երևան: Հավանաբար եկող տարի ևս կգնանք Արևմտյան Հայաստան` ներկա լինելու Սուրբ Խաչի Սուրբ պատարագին, գտնելու մեր անցյալը, մեր պապերի շիրիմները, մեր թողած գյուղերը, մեր ավերված տները, մեր խոնարհված եկեղեցիները:

Թաթուլ Հակոբյան

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում