Գլխավոր Լրահոս

Հայաստանը քննարկում է Ասիական բանկից միջոցների ներգրավումը

Հայաստանը քննարկում է Ասիական բանկից միջոցների ներգրավումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:

«Կառավարությունը և Ասիական զարգացման բանկը 2011թ.-ին հաստատել են Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագիրը՝ միտված Հայաստանի քաղաքային բնակավայրերում առաջնային ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը՝ 400 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով: Մենք կարևորում ենք տարածքային համաչափ զարգացումը և այդ համատեքստում առաջարկել ենք նաև մշակել ծրագրեր՝  որոշակի ուղղություններով գրավչություն ներկայացնող վերը նշածս չորս քաղաքների համար։ Կորոշվի ընտրված քաղաքներում ներդրումային ծրագրերի և բարելավումների առաջնահերթությունների ցանկը: Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տևողությունը կլինի 10 տարի»,- նշել է վարչապետը:    

Նրա խոսքով՝ այս ծրագրերը հիմնականում կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը և այլն:

Վարչապետը նշել է, որ Գյումրու, Ջերմուկի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային պլանների ներքո ընտրված ծրագրերից մի քանիսի դեպքում հնարավոր է, որ կառավարությունը քննարկի ֆինանսավորման աջակցության դիմելու հավանականությունը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին:

Հովիկ Աբրահամյանը նաև իր գոհունակությունն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման, աղբահանության և այլ 

ոլորտներում իրականացվող շարունակական ու արդյունավետ համագործակցության համար: «Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակում մենք կկարողանանք ուժեղացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները և բարելավել մեր ենթակառուցվածքները՝ դրանով իսկ մեծապես նպաստելով մեր տնտեսության ներդաշնակ զարգացմանը։ Քաղաքային կայուն զարգացման ծրագրերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է վարչապետ Աբրահամյանը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ վերը նշված չորս քաղաքների զարգացման ծրագրերի մշակմանն ԱԶԲ-ին  մասնակցելու հնարավորություն տալու համար: Դեյվիդ Դոուլն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը: Միաժամանակ, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացված  առաջարկությունների հիման վրա Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի հանրությանը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության և ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների և  տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը: 

Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են  Դիլիջանում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացվածությունը և միջազգային դպրոցի բացումը:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում