Արցախի շենացման գործում, հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, իր ուրույն ներդրումն ունի «Արցախ Րութս Ինվեսթմենթս» ընկերության (ԱՐԻ) ծրագիրը: Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում ԱՐԻ-ի բաժնետերերի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ Աղավնո գետի ափին Արիավան գյուղի կառուցումը կարևոր է ոչ միայն ժողովրդագրական, այլև քաղաքական իմաստով: «Արդարացված է և ամոթ չէ ներդրումներով Արցախում դրամ վաստակելը: Եթե կարելի է դրամ վաստակել Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում, ինչու չի կարելի Արցախում: Մենք պետք է ճեղքենք այն կարծրատիպը, որ Արցախում դրամ վաստակելը ամոթ է»,- ասաց Արցախի նախագահը:
Նա ԱՐԻ-ի բաժնետեր սփյուռքահայ շուրջ 70 գործարարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը զարգանում է բոլոր ճյուղերում: Զարգացումը ակնառու է երեք հիմնական ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, էլեկտրաէներգիայի արտադրություն և շինարարություն: Սահակյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում Արցախի գետերի վրա կառուցվել է 8 հիդրոէլեկտրակայան: Առաջիկա տարիներին Արցախը ամբողջությամբ բավարարելու է էլեկտրաէներգիայի ներքին կարիքները և հնարավորություն է ունենալու ավելցուկը արտահանել Հայաստան և արտերկիր:
Ի պատասխան ԱՐԻ-ի բաժնետերերից Թալին Իւրնէշլեանի հարցի՝ Արցախի նախագահը նշեց, որ ներդրումների համար գրավիչ կարող է լինել գյուղատնտեսությունը, հատկապես Արաքսի հովիտը, որտեղ ոչ միայն եղանակը մոտ է մերձարևադարձայինին, այլև առատ ջուր կա և տարվա ավելի քան 300 օրը արևոտ է: «Արցախի 400 հազար հեկտար հողատարածքից այսօր մենք մշակում ենք միայն 60 հազար հեկտարը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արաքսի ափամերձ հատվածի հողատարածքները գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու աշխատանքներ են սկսվել: Այս տարի Արաքսի ափին՝ Արցախ-Ադրբեջան սահմանից ոչ հեռու, հիմնադրվել է նոր գյուղ՝ Արաքսավան:
Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը
ԱՐԻ-ի բաժնետերերից Յակոբ Գըլպաշեանը Բակո Սահակյանից փորձեց ճշտել, թե ինչ հանգրվանում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդիրը: Արցախի նախագահը շեշտեց, որ երկու հայկական պետությունների միջև օդային կապի հաստատումը կարևոր է ոչ միայն ներդրումներ բերելու, այլև մարդու ազատ տեղաշարժի իրավունքը կյանքի կոչելու տեսանկյունից: Սահակյանը ասաց, որ երբ Արցախը նախաձեռնեց օդանավակայանի շինարարությունը, այդ մասին տեղեկացվել է ԵԱՀԿ-ն: Հետագայում, երբ Ադրբեջանը սպառնաց, որ կկործանի Ստեփանակերտի օդանավակայանից երկինք բարձրացող և վայրէջք կատարող օդանավերը, Արցախի իշխանությունները ականջալուր եղան միջազգային հանրության խնդրանքին, որ օդանավակայանի գործարկումը չդառնա ռազմական գործողություններ սկսելու առիթ Ադրբեջանի համար: «Մենք չենք համակերպվել այս վիճակի հետ և փնտրում ենք լուծումներ օդանավակայանը շահագործման հանձնելու համար: Մեր համբերությունը սահման ունի: Մենք մեր հնարավորություններն ու միջոցները ուղղելու ենք օդանավակայանը գործարկելու ուղղությամբ»,- ընդգծեց Սահակյանը:
Արցախի նախագահը կարևորեց Հայաստանը Արցախին կապող երկրորդ մայրուղու՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի շինարարությունը: Այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ինչպես «Հեռուստամարաթոն-2013»-ը, այնպես էլ այս տարվա նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվելիք գումարները ուղղվելու են այդ ճանապարհի շինարարությունը ավարտելուն:
Բակո Սահականը ասաց, որ Արցախը Հայաստանի հետ կապելու համար կարևոր է նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալը, ընդ որում ոչ միայն Արցախի հյուսիսային, այլև հարավային հատվածով:
Մովսես Հակոբյան. Արցախի բանակը մարտունակ է
Նախագահ Սահակյանի և ԱՐԻ-ի բաժնետերերի հանդիպման սկզբում Արցախի առաջնորդի առաջարկով պաշտպանութան նախարար Մովսես Հակոբյանը ներկայացրեց բանակի՝ վերջերս ավարտված զորավարժությունների արդյունքները, ինչպես նաև՝ շփման գծում իրավիճակը:
«Արցախի պաշտպանական բանակն այսօր հզոր կառույց է, որը կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունները չեն սկսվում միայն այն պատճառով, որ մեր բանակը մարտունակ է»,- ասաց նա:
Հակոբյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հիմնականում կանգնած են Արցախի ուղղությամբ, քանի որ նպատակ ունեն Արցախյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Եթե Հայաստանն ու Արցախը արդեն քսան տարի գտնվում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի մեջ, ապա պաշտպանության բանակը ամեն օր գտնվում է պատերազմական վիճակի մեջ»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ այս տարվա հունիս և հուլիս ամիսներին Ադրբեջանի զինուժը իր ստորաբաժանումները մոտեցրել էր շփման գծին հնարավոր մոտ տարածք՝ պատրաստվելով լայնածավալ ռազմական գործողությունների, բայց հայկական բանակի կողմից իրականացված համապատասխան գործողություններից հետո նա իր զինուժը և ռազմական տեխնիկան հետ է քաշել:
Թաթուլ Հակոբյան, Արցախ
Թաթուլ Հակոբյան










