Գլխավոր Լրահոս

Շարքերը բյուրեղանում են

Ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը ջրբաժան դարձավ քաղաքական այս ձևաչափի շրջանակում համագործակցող մի կողմից՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», մյուս կողմից՝ ՀՅԴ-ի միջև: Քաղաքական ապահարզանի պատճառը սահմանադրական փոփոխություններն են, որ նախաձեռնել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կտրականապես դեմ են հանդես գալիս մոտակա ժամանակահատվածում Սահմանադրությունը կոնցեպտուալ փոփոխության ենթարկելու ՀՀԿ առաջնորդի նախաձեռնությանը, սակայն նրանց հետ համագործակցող ՀՅԴ-ն տրամագծորեն հակառակ կարծիքն ունի և ըստ էության պաշտպանում է Սահմանադրությունը փոխելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը։

Ճիշտ է՝ փոփոխության ենթակա սահմանադրական դրույթների հետ կապված ՀՅԴ-ն որոշակի վերապահումներ ունի, սակայն դրանք փաստացի չեն կարող խոչընդոտ լինել Սերժ Սարգսյանի հետ խոր և համապարփակ երկխոսություն սկսելու համար։

Առավել վճռական և կոնկրետ գործողություններ սկսելու մարտավարություն որդեգրելու ժամանակ տեղի ունեցավ շարքերի բյուրեղացում: Արդեն նախկին քառյակի կողմից համահանրապետական հանրահավաք հրավիրելու օրը ճգրտելուց հետո ՀՅԴ-ն ժամանակավորապես լքեց քառյակը՝ խոստանալով, որ մյուս հարցերում շարունակելու է համագործակցել: Չնայած ֆորմալ համագործացության ձևաչափը ՀՅԴ-ն փորձում է պահպանել, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը և իշխանության ամրապնդմանը նպաստող սահմանադրական փոփոխություններին աջակցելով՝ նա թիկունքից հարվածում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» քաղաքական շահերին:

Տպավորություն է, որ եռյակի վերածված ընդդիմադիր ձևաչափի շրջանակում որոշում է կայացվել վճռական գործողությունների անցնել՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու ուղղությամբ: Իսկ վերարտադրության արտոնագիր համարվող սահմանադրական փոփոխությունները պաշտպանող կուսակցությունը բնականաբար չէր կարող այդ հարցում օգնել նրանց:

Այսպիսով, Հայաստանի ներքաղաքական դաշտն աստիճանաբար թևակոխում է բևեռացման փուլ, որը քաղաքական առճակատման մեծ պոտենցիալ ունի: Միանշանակ է, որ եթե ընդդիմադիր եռյակը համապատասխան վճռականություն ցուցաբերի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների՝ Սերժ Սարգսյանը նահանջելու է: Իսկ նահանջի դեպքում իշխանական բուրգում կսկսվի ապակայունացման  շրջան: Ֆինանսական և մարդկային ռեսուրսների տիրապետող ազդեցիկ շրջանակները սկսելու են նոր տիրոջ փնտրտուք՝ ընկղմվելով ներիշխանական հակամարտությունների մեջ:

«կաղ բադի» կարգավիճակում հայտնված Սերժ Սարգսյանը կկորցնի ներկայիս կշիռն ու հեղինակությունը: Այսպիսի հեռանկարը կանխելու համար ՀՀԿ առաջնորդին անհրաժեշտ են երաշխիքներ, որ իրեն չեն խանգարի պաշտոնավարել մինչև նախագահական ժամկետի ավարտը: Սկզբունքային հարց է՝ իշխանական բուրգից դուրս արդյոք կտրվե՞ն այդպիսի երաշխիքներ, թե՞ ոչ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում