Գլխավոր Լրահոս

Հայաստանը հետ է մղում քաղցը․ ՄԱԿ-ի զեկույց

Հայաստանը հետ է մղում քաղցը․ ՄԱԿ-ի զեկույց

Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, քաղցած մարդկանց ընդհանուր թիվը նվազեցնելու գործում տասը ամենահաջողակ երկրների շարքում են։ Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է «Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցը, որը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին։

Իրենց բնակչության թվին համամասնաբար քաղցած մարդկանց ընդհանուր թիվը հաջողությամբ նվազեցրած մյուս յոթը երկրներն են Բրազիլիան, Կուբան, Գանան, Քուվեյթը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Թաիլանդը և Վենեսուելան։

Ըստ զեկույցի՝ աշխարհում մոտ 850 մլն մարդ կամ իննից մեկը քաղցած է։ Զեկույցում հաստատվել է այն միտումը, որ անցած տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100 մլն-ով, իսկ 1990-1992 թթ ի վեր՝ ավելի քան 200 մլն-ով։

Զարգացող երկրներում քաղցի նվազեցման համընդհանուր միտումը նշանակում է, որ մինչև 2015թ. թերսնված մարդկանց համամասնությունը կիսով չափ պակասեցնելու՝ Հազարամյակի զարգացման նպատակին հասնելը մոտ է, «եթե   ձեռնարկվեն պատշաճ ու անհապաղ ջանքեր», ասված է զեկույցում։ Մինչ օրս 63 զարգացող երկիր, այդ թվում՝ Թուրքիան և Ղազախստանը, հասել է Հազարամյակի զարգացման նպատակին, ևս վեցը դրան կհասնի մինչև 2015թ․։

Ընդհանուր առմամբ 25 երկիր նույնպես իրականացրել է Պարենի համաշխարհային գագաթաժողովի առավել հավակնոտ նպատակը՝ մինչև 2015թ․ կիսով չափ նվազեցնել թերսնված մարդկանց փաստացի թիվը։ Այդ երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բրազիլիան, Կամերունը, Չիլին, Կուբան, Ջիբութին, Գանան, Գայանան, Քուվեյթը, Ղրղզստանը, Մալին, Մյանմարը, Նիկարագուան, Պերուն, Կորեայի Հանրապետությունը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Սամոան, Սան Տոմե և Փրինսիփին, Թաիլանդը, Թուրքմենստանը, Ուրուգվայը, Վենեսուելան և Վիետնամը։

Զեկույցում նշվում է, որ սննդամթերքի հասանելիությունն արագորեն ու զգալի կերպով բարելավվել է այն երկրներում, որոնք գրանցել են  համընդհանուր տնտեսական առաջընթաց, մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում։ Սննդամթերքի հասանելիությունը բարելավվել է նաև Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում, սակայն հիմնականում այն երկրներում, որոնք ունեն համապատասխան անվտանգության ցանցեր ու սոցիալական պաշտպանվածության այլ ձևեր, այդ թվում՝ գյուղական վայրերի աղքատ բնակչության համար։

Չնայած ընդհանուր առմամբ նշանակալից առաջընթացին՝ մի քանի տարածաշրջաններ ու ենթատարածաշրջաններ հետ են մնում։ Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում ավելի քան չորսից մեկը մշտապես թերսնված է, իսկ Ասիայում, որն աշխարհի ամենաբնակեցված տարածաշրջանն է, ապրում է քաղցածների մեծ մասը՝ 526 մլն մարդ։

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում սննդամթերքի անվտանգությունը բարձրացնելու գործում արձանագրվել են ամենամեծ հաջողությունները։

«Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» զեկույցը հրապարակվում է ամեն տարի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում