Դաշնակցությունը չի մասնակցի ընդդիմադիր ուժերի կազմակերպելիք հոկտեմբերյան հանրահավաքին: Սրանով այս կուսակցությունը լքեց չորս կուսակցությունների ձևավորած ձևաչափը, և հավանաբար ակտիվ բանակցությունների փուլ է մտել Սերժ Սարգսյանի հետ՝ որոշ պորտֆելներ ստանալու համար: Այս ամենը վաղուց էր կանխատեսվում, և Դաշնակցության վրա առանձնակի հույսեր էլ չկային նաև այն առումով, որ կուսակցությունը քիչ ազդեցիկ է Հայաստանում և չունի հասարակությանը համախմբելու ներուժ:
Հակաիշխանական գործունեության ակտիվացումը հիանալի առիթ էր այս կուսակցության ղեկավարության համար նոր առևտուր սկսելու Սերժ Սարգսյանի հետ:
Դաշնակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի մարգինալի կարգավիճակում: Երևանի ավագանում վերջին երկու ընտրություններում ազգային այս կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցումային շեմը և ներկայացված չէ այնտեղ: Ազգային ժողովի ընտրություններում հազիվ հաղթահարեց 5 տոկոսանոց շեմը և փոքրիկ խմբակցություն ձևավորեց: Սա էլ հաջողվում է շնորհիվ մի քանի մարզերում մնացած կառույցների, որոնց անդամների մի մասը դեռևս հավատում է Դաշնակցության լեգենդին:
Լուսանցքում չհայտնվելու համար Դաշնակցության ղեկավարությունը կայացրել է շատ պրագմատիկ որոշում՝ առևտրի գնալ Սերժ Սարգսյանի հետ, ստանալ վարչական ռեսուրս, այդ ռեսուրսի հաշվին մի կերպ հաղթահարել անցումային շեմերը և մնալ հարթակին:
Նման վարքով Դաշնակցությունն առհավետ իրենից վանում է այն կուսակցականներին և համակիրներին, որոնք այս կուսակցությանն էին հետևում ազգայնական գաղափարների համար: Հայաստանյան ամենագաղափարական կուսակցությունը վերածվում է իշխանության հետ սովորական գործարքի գնացող ուժի, որի հիմնական նպատակն է դառնում ստացած ձայների ճիշտ վաճառքը Բաղրամյան 26-ին՝ հանուն կուսակցական վերանախավի բարեկեցության:
Արցախում նույնպես կուսակցությունը զերծ չէ բարդ իրավիճակներից: Այդպես եղավ նաև 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ կուսակցության շարքերի մեծ մասը համակրում էին ընդդիմության թեկնածու, այդ ժամանակ Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանին, սակայն կուսակցության ղեկավարությունը Հրանտ Մարգարյան-Բակո Սահակյան հանդիպումից հետո վճիռ կայացրեց հօգուտ գործող նախագահի: Սա ուղեկցվեց կուսակցությունից բազմաթիվ կուսակցականների և համակիրների հեռանալով և Դաշնակցության Արցախի կառույցի թուլացմամբ, ինչը նախագահական ընտրություններից հետո փորձ է արվում լրացնել վարչական ռեսուրսով:
Գաղափարական հողի վրա այս կուսակցություն էին մտնում բազմաթիվ երիտասարդներ, որոնք հնարավորություն էին ունենում հզոր կուսակցական դաստիարակություն ստանալ: Թե՛ կուսակցության պատմությունը, թե՛ ավանդույթները, թե՛ ռեսուրսները, թե՛ ցանցային կառուցվածքը թույլ էին տալիս էլիտաստեղծ ֆունկցիա կատարել: Այս դպրոցով անցածները որակապես տարբերվում էին այլ կուսակցությունների պատրաստած կադրերից:
Այսօր Դաշնակցությունն ի վիճակի չէ այլևս նման ֆունկցիա կատարել: Գաղափարական երիտասարդներն ամենից շուտն են հիասթափվում և հեռանում գործարքների գնացող կուսակցությունից՝ մի օր առևտրի առարկա չդառնալու մտավախությամբ: Սա Դաշնակցության ամենամեծ ողբերգությունն է և մեծ կորուստ հայկական քաղաքական դաշտի համար:
Հայկ Խանումյան











