Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը հրաժարվելու է սահմանադրական փոփոխություններից

Սերժ Սարգսյանը հրաժարվելու է սահմանադրական բարեփոխումներից: Չկասկածեք: Եվ ընդդիմադիր եռյակի առանձին անդամներ մինչև հոկտեմբերի 15-ը ամենևին էլ թող չմտահոգվեն, թե հանուն բարեփոխումների իշխանությունը կարող է իրենց «հետևից էլ գալ»: Գալու է, փորձելու է իրենով անել, գուցե սպասվածից շատ հաջողություններ արձանագրի: Ձեր քաղաքական մահախոսականները մի «վստահեք» իշխանությանը, ինքը մահախոսականներ չի գրում, ինքը սպանության տերն է:

Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հրաժարվելու բարեփոխումներից: Որովհետև հարց է, թե ու՞մ ֆինանսական աջակցության վրա է հենվելու դրանք անցկացնելու համար: Ո՞վ է փող բաժանելու իրեն ոչնչով չսպառնացող մի փաստաթղթի համար:

Երկրորդ, հանուն ինչի՞ են մարդիկ իրենց տներից դուրս գալու և գնալու ընտրատեղամասեր: Մեկ անգամ արդեն տեսել ենք էդ «օյինը», երբ ամբողջ ազգը հրաժարվեց քվեարկել սահմանադրական փոփոխությունների դեմ կամ կողմ: Մարդիկ պարզապես քվեատեղամասեր չգնացին: Որովհետև փող բաժանողը չկար, ընտրողին շահագրգռողը չկար, իսկ բովանդակային «սկուտեղը» մարդկանց գրպաններից դատարկ էր: Կեղծեցին, անցկացրին:

Երրորդ, Սերժ Սարգսյանը գիտի, որ կրկնվելու է 2005-ի տարբերակը գուցե ավելի խայտառակ պատկերով, երբ ինքն էլ պատճառ չի ունենա քվեատեղամաս գնալու: Այսինքն, ձախողումը արդեն հիմա է շոշափելի: Իսկ ինքը շատերին է ներքաշել այս խայտառակության մեջ՝ Հարությունյան Գագիկ, Թովմասյան Հրայր, Կոստանյան Գևորգ և այլք: Եթե ձախողումը քվեարկությունից ամիսներ առաջ ճչաց նրանց դեմքին, քվեարկությունից հետո նրանք հրաժարական տալո՞ւ են: Բնականաբար՝ ոչ: Բայց իրենք պետք է ապրեն այդ խայտառակությամբ: Հարությունյան Գագիկը դեռ մոտեցող 70-ից հետո ընդհանրապես պիտի ամփոփի, թե  որտեղ է հաջողել ինքը: Էս խայտառակության տակից ո՞վ է դուրս բերելու նրան: Սերժ Սարգսյա՞նը: Նախ այս մարդը պիտի դուրս գա էդ ձախողման տակից:

Չորրորդ, ենթադրենք, թե գնացին հանրաքվեի: Ո՞վ է կեղծելու: Եվ ի՞նչ է լինելու նրա ստանալիքը, երբ մինչև հիմա «ծառայություն» կատարածներն են դեռ դուրս շպրտվում, ուղարկվում «պահեստազոր»:

Հինգերորդ, եթե կեղծեցին, ու ընդդիմադիր եռյակը դուրս եկավ փողոց ընդհանրապես հրաժարական պահանջելու, ո՞վ է կրակելու ժողովրդի վրա: Աստվածավախ Վլադիմիր Գասպարյանն ինչպե՞ս է ամբողջ համակարգին ապահովելու «Աստծո ձեռքով», որպեսզի անվրդով կրակեն: Չի ստացվելու: Վրիպելու են, որովհետև մի անգամ արդեն կրակել են ու կյանքը դրանից հետո էականորեն վատացել է հենց ոստիկանության համար:

Վեցերորդ, միջազգային դիտորդական կազմակերպությունները ճանաչեցին 2005-ի հանրաքվեն, որովհետև նշմարվում էր 2007-ի ՀՀԿ մեծամասնությունը և 2008-ի «նախագահը»: Դրանց հետ փոփոխված Սահմանադրությունը կապ չուներ, կապ ուներ այն ստրկական կապվածությունը, որ ունենալու էր Հայաստանը գերտերությունների հետ: Հիմա կրկին երևում է նույն մեկը, ում հետ ոչ միայն Եվրոպան ու Ամերիկան խնդիր ունեն, այլև նույնիսկ Ռուսաստանը: Ո՞վ է ճանաչելու բոլորեքյան «որբի» գլխից մեծ բռնած գործը: Եվ եթե ճանաչեն, չի՞ նշանակի, որ Հայաստանը ոչ միայն Մաքսային միության անդամ չէ (անդամությունը մեր բովանդակային կորուստն է), այլև քարտեզի վրա չկա, որովհետև ուրիշ էլ ի՞նչ պիտի հանձնի այդ մարդը աշխարհագրական տարածքից բացի, այսինքն, մեզ ֆիզիկապես կորցնելուց բացի:

Այսքանը հասկանալի է: Սերժ Սարգսյանը հրաժարվելու է բարեփոխումներից, որովհետև բարեփոխման ամբողջ տրամաբանությունը ոչ միայն գործող, այլև մտածված Սահմանադրությունների հետ կապ չունի: Բայց ի՞նչ է լինելու ընդդիմադիր եռյակի ստանալիքը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի բարեփոխումների մասին մտքից: Ընդդիմության ստանալիքը պարզ չէ, որովհետև ինչպես ժողովրդի համար պարզ չէ բարեփոխման գաղափարը, այնպես էլ ընդդիմության համար չկա այն նյութական նվաճումը, որը հաջորդելու է բարեփոխումների մտքի հրաժարումին: Ընդդիմության ստանալիքը 12 կետերի մեջ է, դրանց չկատարումն է ենթադրում հրաժարական: Բարեփոխումներն ընդդիմության պահանջը չէին, ընդդիմությունը պահանջում է արդեն գործողության մեջ դրված բարեփոխումներից հրաժարում: Սերժ Սարգսյանը կարողէ հրաժարվել և թոթափել լարվածությունը, եթե, իհարկե, չհրաժարվելու իր «չհրապարակված» ռեսուրսն ունի, այսինքն, Հայաստանի վաճառքն արդեն մարդ առ մարդ ներառյալ մի որոշակի մասի արյունահեղությունը:

Այսօր 12 կետերն իրենց հրատապությամբ զիջում են սահմանադրական բարեփոխումներին, և չի կարելի ասել, թե դա որոշ իմաստով հենց Սերժ Սարգսյանի ուզածը չէ: Եթե 12 կետերը մնային ջրի երեսին, ժողովուրդը կիմանար, թե ինչու է գնալու հանրահավաքին և որն է լինելու իշխանության պատասխանատվությունը, որտեղ է թերացել նա: Բարեփոխումները թերացում չեն, այլ հավելյալ «սննդակարգ» մինչև կոկորդը իշխանություններից կուշտ ընդդիմության և ժողովրդի համար: Փաստն այն է, որ բարեփոխումները չպետք է խեղդեն 12 կետերի հրատապությունը, որովհետև դրանք են, որ տանում են հրաժարականների շղթա: Այլ հարց է, որ ընդդիմությունը գիտի, թե ինչպես Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի (ընդունված կամ հրաժարված) Տիտանիկի մեջ խցկի ամբողջ Հանրապետական իշխանությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում