Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածէ հրապարակել «Դեր Զորը եկեղեցիների պայթեցման օրինակներից դուրս է» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:
Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դիտարկման առաջին փորձով մի քանի հայեցակետ է ամփոփում։
Սիրիական պատերազմի սկզբնական շրջանում Դեր Զորը որոշ ավերումներ էր կրել: Սակավ չէին այն մեկնաբանությունները, որոնք պատահածը անպայման թիրախավորված հարձակում չէին նկատում: Այս տեսակետին նպաստում էին նաև այն օրերին շրջանում կառավարական և հակակառավարական ուժերի միջև արձանագրված բախումները, որոնց անմիջական հետևանքով հայոց եկեղեցին նյութական ծանր վնասներ էր կրել: Սակայն սա միակ մեկնաբանությունը չէր: Կային նաև պնդումներ, որ բախումների հետևում թաքնված էր Դեր Զորը թիրախ ընտրելու շարժառիթը, և հակառակորդը, թեկուզ այլ ուժի ձեռքով, հարվածում էր Ցեղասպանության խորհրդանիշին:
Ուղղակի թիրա՞խ, թե՞ հետևանք երկվությունը այս դեպքում լրիվ փարատվում է: Խնդիրը կենտրոնանում է գործողության բուն պատվիրատուի կամ պատասխանատուի վրա: Համատարած համոզում է և նաև բացահայտ ճշմարտություն, որ պայթեցման գործողությունը իրականացնողները «Իսլամական պետության» զինյալներն են: Եթե մնանք համատարած այս իրողության տրամաբանության վրա, ապա Դեր Զորի պայթեցումը կարելի է դիտարկել ընդհանրապես տարածաշրջանում հրկիզվող, ռմբահարվող, քանդման ենթարկվող քրիստոնեական կենտրոնների և եկեղեցիների շարքին: Եվ իբրև այդպիսին` պարզապես մի օղակ Միջին Արևելքի ապաքրիստոնեացման միտող քաղաքականության:
Նման մի դիտարկում, իր պարզագույն վիճակում, ծխածածկույթ է առաջացնում Դեր Զորի մատուռի պայթեցման հավանական շարժառիթների վրա:
Այսպես. դեռևս Դամասկոս-Անկարա մերձեցման օրերին, նախագահ Սարգսյանը այցելեց Դեր Զոր և այդտեղ կատարված հայտարարություններով պարզ դարձրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին պատկերացում կար և դրա հիման վրա ծրագիր, Դեր Զորին ապահովելու միջազգային հնչեղություն: Դեր Զորը պիտի ներառվեր 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպվելիք ձեռնարկների հիմնական շարքում: Դեր Զորի համեմատումը Օսվենցիմի հետ Դեր Զորի միջազգայնացման հստակ նախադրյալ էր ենթադրում:
Տեր Զորը, ուրեմն, իր մատուռի հանգամանքից անկախ, իբրև Հայոց ցեղասպանության պետական գործողության կարևորագույն միջավայր, չի կարելի դիտարկել իբրև տարածաշրջանում եկեղեցիների ոչնչացման մի օղակ:
Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դուրս բերելով զուտ կրոնական պարունակից, այստեղ է, որ շարժառիթի հավանականությունների վերլուծում կատարողի հայացքը ուղղվում է Անկարայի վրա, որը այլապես էլ նման գործողություններ կատարողներին ապաստան է տալիս, ֆինանսավորում, զինում և անարգել թափանցման ուղիներ հարթում: Սա ա՛յն Անկարան է, որը միջազգային ահաբեկչության դեմ Արևմուտքի հայտարարած կիսապատերազմին իսկ չուզեց մասնակցել` տարբեր պատրվակներ որոնելով: Այ՛ն Անկարան է, որը դեպի Քեսաբ անարգել և անապահով անցքեր տրամադրեց միևնույն այդ տարրերին:
Հայ քաղաքական միտքը շատ տատանումների կարիք չունի Դեր Զորը տարածաշրջանի քրիստոնեական կենտրոնների ոչնչացման շարքից դուրս բերելու և քաղաքական շարժառիթը չնկատելու: Հայկական կողմը լիարժեք պետք է աշխատի պատահածի նկատմամբ դատապարտման ալիքի բարձրացման և նաև բովանդակային խնդիրների շեշտադրումները ճշտելու ուղղությամբ: Այստեղ հարվածվել է ամբողջ մի ազգի ցեղասպանության կենդանի վկայարանը, 100-րդ տարելիցի փուլին: Ի վերջո աշխարհը ի՞նչ գնահատական կտար հրեական Ողջակիզման կենդանի վկայարան Օսվենցիմի պայթեցման փաստին:
Իսլամ ծայրահեղականության կողմից գործադրվող բարբարոսություններից շատ ավելին են կատարվածի հետևում կանգնած շարժառիթները: Հայկական կողմը, դիվանագիտական անձնակազմերով, զանգվածային լրատվամիջոցներով, հասարակական բոլոր մակարդակներով համաշխարհային դատապարտման ալիքի բարձրացման ապահովման անհրաժեշտության առջև է: Դեր Զոր պայթեցնելը հավաքական հիշողության կորստի, ժխտողականության և ցեղասպանության շարունակականության միտող քաղաքական գործողություն է:
Անկարան դիմափոխել է իր վարքագիծը: Արևմտահայաստանի եկեղեցիները նախապես պայթեցվում էին. հիմա նորոգվում են: Պայթեցումները տեղափոխվել են Թուրքիայից դուրս, այլոց ձեռքով. նույն ներշնչմամբ, նույն մտայնությամբ:
Civilnet











