Բնական դեղամիջոց
Թուզը մարդկությանը հայտնի ամենահին մշակաբույսերից է: Այն լավ միջոց է խոլեստերինի նվազեցման, արյան ճնշման իջեցման ու փորկապությունից ազատվելու համար: Թուզը նաև նպաստում է քաշի կորստին, օստեոպորոզի և սրտանոթային հիվանդությունների կանխմանը:
Թուզը հարուստ է մանրաթելերով և պրոբիոտիկներով, որոնք աղեստամոքսային միջավայրի վրա բարերար ազդեցություն են թողնում: Թուզն ու նրա հյութը բարձր հիմնայնություն ունեն և օգնում են հավասարակշռել մարմնի հիմնա-թթվային (PH) մակարդակները: Լինելով անտիօքսիդանտների հարուստ աղբյուր՝ թուզը մաքրում է օրգանիզմն ազատ ռադիկալներից:
Շնորհիվ կալիումի բարձր պարունակության՝ թուզը կանխում է արյան բարձր ճնշումն ու սրտի հիվանդությունները: Եթե ավելացնենք նաև կալցիումի բարձր պարունակությունը՝ կստանանք օստեոպորոզի կանխարգելման հիանալի միջոց:
Թուզը վաղ ժամանակներից հայտնի է որպես աֆրոդիզիակ և նպաստում է սեռական էներգիայի ավելացմանը:
Թարմ և եփված
Թե՛ թարմ, թե՛ չիր թուզն օգտագործվում է խմորեղենի ու քաղցրեղենի պատրաստման մեջ: Թզի շնորհիվ թխվածքն ավելի փափուկ է ստացվում և երկար է պահպանվում:
Իսկ դուք գիտե՞ք
Ինչպես գիտեք, լոլիկը չի համարվում բանջարեղեն, գիտականորեն այն դասակարգվում է մրգերի շարքը: Այդպես էլ թուզը: Այն չի համարվում միրգ կամ բանջարեղեն: Պտուղը թզենու ծաղիկն է համարվում:
Ինչպես պահպանել երկար
Թուզը քաղում են հասած վիճակում և սովորաբար պահպանում 2-3, առավելագույնը՝ 7 օր: Պետք է ընտրել մաքուր, անուշահոտ թուզ: Մի գնեք արդեն ճաքած մրգերը: Թուզը չի կարելի լվանալ, եթե հենց այդ պահին չեք ուտում: Պետք է պահպանել սառնարանում՝ քաթանե տոպրակում, իսկ սառցախցիկում կարող եք պահել մինչև 6 ամիս:
Civilnet











