Գլխավոր Լրահոս

«Շրջանառության հարկի մասին» օրենքը կհանգեցնի աշխատատեղերի փակման. ԲՀԿ

«Շրջանառության  հարկի մասին» օրենքը կհանգեցնի աշխատատեղերի փակման. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն  է տարածել առևտրի ոլորտում հոկտեմբերի 1-ից գործողության մեջ դրվող «Շրջանառության  հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

Վերջին օրերին առևտրի ոլորտում աշխատող հազարավոր քաղաքացիներ իրենց արդարացի բողոքն են հայտնում ս.թ. հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր դրույթների վերաբերյալ: Հարկային բեռը 3,5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ առևտրի ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր: Այլապես՝ կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, ընդհուպ՝ փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի ավելացում, և անգամ անցում ավելացված արժեքի հարկի դաշտ: Օրենքի հիմնավորումն այն է, որ այդ կերպ՝ ՓՄՁ-ների միջոցով հայտնաբերվելու են խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները: ԲՀԿ-ն կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին:

Ավելին, օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման: Խոշոր տնտեսվարողների նկատմամբ պետության կողմից իրականացվող ոչ արդյունավետ վարչարարությունը չպիտի մահակ դառնա ՓՄՁ սուբյեկտների համար: ԱԺ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշյալ հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը:

ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ներն ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, և պատրաստ է ստեղծել աշխատանքային խումբ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ գտնելու համար:

Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ սեպտեմբերի 23-ի առավոտից ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելով հոկտեմբերի 1-ից գործող այս օրեքնի դեմ։

Ցուցարարների 20 ներկայացուցիչներ բարձրացել էին կառավարություն՝ հանդիպելու Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացնելու իրենց խնդիրները։ Վարչապետը հանդիպմանն ասել էր, որ օրենքը չի փոխվելու, և նշել էր, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին։

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի։

Հանդիպման արդյունքները տոնավաճառների աշխատակիցներին չէր գոհացրել, և նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանությունը ցուցարարներին հետ էր մղել՝ բացելով փողոցը և վերականգնելով երթևեկությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում