Գլխավոր Լրահոս

Տնտեսագիտականում բացվել է Բրիտանական բիզնես դպրոցը

Տնտեսագիտականում բացվել է Բրիտանական բիզնես դպրոցը

Վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է, և պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները: «Մրցունակ  պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Այսպես է սահմանված  Հայաստանի կառավարության ծրագրում: Այսօր դժվար է պատկերացնել մրցունակ լինելու գաղափարը, եթե ազգային տնտեսությունը հենված չէ առաջատար գիտելիքների վրա: Ուշադրության կենտրոնում պահելով կրթական համակարգի խնդիրները՝ մենք փորձում ենք հնարավորինս աջակցել և բարենպաստ պայմաններ ստեղծել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է կրթության բնագավառում հերթական խոշոր նախագծի իրականացումը՝  ՀՀ կառավարության որոշմամբ Պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Հովիկ Աբրահամյանը բրիտանական առաջատար փորձի կիրառումը Հայաստանում համարել է նշանակալի ձեռքբերում: Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է:  «Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաև օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագծի իրականացումը խթան կհանդիսանա նաև Հայաստանի այլ բուհերի համար: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջատար համալսարանների հետ շփումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացմանը:

Դպրոցի բացմանը ելույթով հանդես են եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր Թրեվոր Բոլթոնը, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչ Գրոգոր Դուգլասը և ուրիշներ:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Globe Education (GB) LTD» ՍՊԸ-ի  համագործակցության շրջանակներում: «Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Անգլիա Ռասկին համալսարանը:

Կառավարության 2013 թ. որոշմամբ՝ համատեղ բիզնես դպրոցի բաժնեմասի 51 տոկոսը կտնօրինի «Globe Education (GB) LTD»-ն, 44 տոկոսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 5 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Բիզնես դպրոցն արդեն իսկ օգոստոսի 29-ին հայտարարել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, նույն ուսման վարձի շրջանակներում, երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Լոնդոնում, Մալթայում և այլուր:

Դասավանդումն իրականացնելու են Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսները՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում