Գլխավոր Լրահոս

Գրողի ծոցը ձեր անկողինը

Գրողի ծոցը ձեր անկողինը

Չէ՞ որ, կարող է՝ պատահի, տունն է տանուլ տվել այն պատճառով, որ վարկ է վերցրել մեր բանկերից մեկում, գնացել է Թուրքիա ու շաքար է բերել: Հասել է Հայաստան, պարզել է, որ շատ փոքր երկիր է, որպեսզի ինքը լինի երկրորդ ջութակը շաքար ներկրողների մեջ:
(Լուսանկարը՝ Լիան Հակոբյանի)

Այս լուսանկարը կարելի էր վերնագրել, օրինակ, «Ավելի լավ դաշնամուր»: Նվազագույնը՝ էկոլոգիապես մաքուր: Պարզապես չի վաճառվում: Հանրային է: Ինչ-որ մեկն էլ կարող է գալ ու պառկել տակը: Բայց կա նաև վերնագրի «Դաշնամուրս ու ես» տարբերակը: Մի փոքր հարվածի տակ է դնում կոթողի հանրային նշանակությունը, բայց ոչ մեկին դա չի խանգարում հիանալ ստեղնաշարերով, մնացած հատվածներում ծավալված խոտով, ներառյալ՝ ինչ-որ մեկի կոշիկները:

Կարելի է նաև վերնագրել այսպես՝ թողած Կարսում, գետի ափին, տունս շինված անտաշ քարով: Մենք չգիտենք այս մարդու կորուստները, անցած ուղին, զոհաբերությունները: Գուցե հնարավոր լիներ վերնագրել՝ գրողի ծոցը ձեր անկողինը: Չէ՞ որ, կարող է՝ պատահի, տունն է տանուլ տվել այն պատճառով, որ վարկ է վերցրել մեր բանկերից մեկում, գնացել է Թուրքիա ու շաքար է բերել: Հասել է Հայաստան, պարզել է, որ շատ փոքր երկիր է, որպեսզի ինքը լինի երկրորդ ջութակը շաքար ներկրողների մեջ: Այստեղ կա միայն մեկ ջութակ: Ինքը էդ մասին կարող էր հունվարին գլխի ընկնել, երբ նվագախմբի դիրիժորը ամենևին ոչ Հայաստանում, ոչ այս մարդու գոյության դաշտում խոսում էր մենաշնորհի անխուսափելիության մասին: Ի դեպ, եթե երաժշտական գործիքներն ենք դեռ հիշում, լուսանկարը կարելի էր վերնագրել. «Չե մի չէ՝ դհոլ»: Հարուստ լուսանկար է: Հերոսը մերժել է դհոլ լինելու առաջարկները կամ ուշացել է դհոլ լինելու պահանջարկից: Այդ իմաստով, լուսանկարը ձեռք է բերում գրեթե ջոկոնդայական շտրիխներ, նրա ամեն դրվագում մի վերնագիր է:

Հետևի պլանում գովազդային վահանակ է, ինչ-որ մեկն ուղղություն է առաջարկում, տանում է կամ գնում: Մեր վաղուց անքուն և վերջապես քնած հերոսն ընտրել է ապաքաղաքական միակ ուղին՝ դաշնամուրը: Օրինակ, մեզ՝ անկողին ունեցողներիս «գրողի ծոցն» ուղարկելուց նա ոչ մեկին հարվածի տակ չի դնում: Էթիկապես ճշգրիտ այս հերոսը գուցե «անպատկառորեն» իր բնակարանն է տանուլ տվել հայկական ինչ-որ կազինոյում, որտեղ նրա նմաններն ավելի հաճախ են կրվում, քան պետական պաշտոնյաները: Որտեղ էթիկան, այնտեղ՝ Դիոգենեսը: Այս լուսանկարից մեկ այլ վերնագիր էլ է բղավում. «Դիոգենեսից լավ տղա չլինենք»: Դիոգենեսը, հիշում եք, ապրում էր տակառում: Նրա մոտ գրեթե հարցեր չէին առաջանում: Մարդ էր, որն իրեն ազատել էր բոլոր կապվածություններից: Նրա գործը չէին Հունաստանի տնտեսական նվաճումներն ու պլեբեյական հաճույքները: Ինքը գործող ներկայությունն էր ոչ այս աշխարհի: Պայմանականություններից միակը դեռ մնացել էր հին հույն փիլիսոփայի վրա՝ անունը: Եվ, թերևս, այդ պատճառով այս լուսանկարը կարող էր այսպիսի վերնագիր ունենալ՝ «Ի՞նչ է անունդ, մարդ»: Բայց սա պետք է լիներ կիսաշշուկ վերնագիր, որքան կիսաշշուկ է նրա ներկայությունը: Կամ գուցե՝ խռմփոցը: Այս մեկը հաստատ փեսա չունի: Փառքի հետևից ընկած չէ: Ողորմածություն չի փնտրում, նույնիսկ արև չի պահանջում: Ծայրահեղ դեպքում՝ վերմակ:

Պարզ երևում է, որ հայ-թուրքական արձանագրությունները նրա աշխարհի զբաղմունքը չեն: Ընդհանրապես տեսանելի է, թե ում, ինչպես և ինչու է գրողի ծոցն ուղարկել: «Համակրելի մարդ է»,- կասեր դիետայի վրա նստած յուրաքանչյուրը: Մինչդեռ «Աբիսողոմ, Աբիսողոմ» վեպի հերոսուհին՝ Ջուդիթը, Սաթփենի Հարյուրի այդ կիսամարմին Ուրսուլան գրեթե առանց բառերի կասեր. «Մարդն այնքան աննշան է, հասկանո՞ւմ եք»: Սա լուսանկար չէ, այլ խորագրերի մրցույթ մեկ «ռակուրսից»: Ուրեմն, ընկերներ, արժանին մաղթենք այս մարդուն, որի քթի տակ, ուղիղ դիմացը ծավալվում է քաղքենիության մրցավազքը: Որի շուրջը, նախկին կանաչ տարածքներում հիմա սրճարաններ են «խոյացել»: Մենք երբեք չենք իմանա, թե ով է նա, և դա այս մարդու հաղթանակն է, հաղթանակ, որն ինքը նույնպես գրողի ծոցն է ուղարկել: Այս լուսանկարը կարելի էր վերնագրել, օրինակ՝ «Ծածկը»: Բան չասացի, պակաս երկիմաստ է: Բայց երբ մտածում ես, որ բոլոր հնարավոր ծածկերից՝ բարեգործական հիմնարկներ, եկեղեցի, ինքն ընտրել է դաշնամուրի կափարիչը, ամեն ինչ տեղն է ընկնում: Հետևաբար դա, նվազագույնը, կիսաերկիմաստ վերնագիր է: Ուրեմն, չհարցնենք, չէ՞, ով է այս մարդը: Ինքը հրապարակում չէ, ինքը չի բողոքում, ինքը չի բղավում իր ներկայությունը, ինքը չի ապրում, ինքը ժամանակակից է:

Եվ մենք, որպես առօրեական քաղքենիներ, լուսանկարին նայելիս չենք կարող չմտածել նաև, որ, հավանաբար, այս մարդը այստեղ է վազել հեռուստացույցով ինչ-որ ավերիչ երկրաշարժ տեսնելուց հետո, եկել է մեզ՝ բնակարանային հարցի գերիներիս ցույց տալու բոլոր հնարավոր ավերակներից ամենապակաս ցավոտը: Եվ այդքանից հետո մեզ՝ Տիգրան Մանսուրյանի ժամանակակիցներիս, մեզ՝ վերջին անտառների ու կանաչի վկաներիս, մեզ՝ ամեն ինչից բնակարան «հունցողներիս» մնում է դաշնամուր տեսնելիս մտածել միայն մեկ խորագիր՝ Աղետի գոտի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում