Գլխավոր Լրահոս

Իսլամական պետության ահաբեկիչները և Թուրքիան համագործակցում են. Քարայլըան

Իսլամական պետության ահաբեկիչները և Թուրքիան համագործակցում են. Քարայլըան

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական թևի հրամանատար Մուրադ Քարայլըանը հարցազրույց է տվել Sterk TV-ին որտեղ խոսում է «Իսլամական պետություն» (նախկինում կոչվում էր ISIS «Իրաքի և Շամի իսլամական պետություն»– ՍիվիլՆեթ) ահաբեկչական կառույցի կողմից Սիրիայի քրդական բնակավայրերի վրա հարձակման մասին: Թուրքիայում ահաբեկչական ճանաչված PKK-ի առաջնորդներից Քարայըլանը համոզված է, որ ահաբեկիչները և Թուրքիան համատեղ են գործում, և այդ համագործակցության արդյունքն էր, որ ահաբեկիչների կողմից պատանդ պահվող 49 գերիներն ազատ արձակվեցին և վերադարձան Թուրքիա: Քրդական Firat գործակալությունը տեղադրել է հարցազրույցը, որն էլ թարգմանաբար ու կրճատումներով ներկայացված է ստորև:

Ութ օր է` «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները հարձակվել են Սիրիայի քրդական Քոբանի (Քոբանի անվանում են քրդերը, արաբական անվամբ` Այն Ալ Արաբ,  քրդաբնակ շրջան Սիրիայի հյուսիսում` թուրք-սիրիական սահմանի մոտ- ՍիվիլՆեթ) բնակավայրի վրա, տեղի ուժերը դիմադրում են նրանց: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական պետութան դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձություններում: 

«Իսլամական պետության» հուժկու հարձակումների դեմ քուրդ ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը դիմադրություն է կազմակերպել: Քուրդ ժողովրդի ցույց տված դիմադրությունը շատ հզոր է և պատվաբեր: Կարելի է ասել` նրանք պայքար են մղում  «Արդարություն և զարգացում» կուսակցության հարձակումների դեմ: Արդեն ութերորդ օրն է,  ինչ  ԻՊ-ը մեծ ուժերով և  ժամանակակից ռազմական տեխնիկայով հարձակվել է Քոբանիի վրա: Կարծես թե կառույցը Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում և այլ վայրերում գտնվող իր բոլոր ուժերը նետել է այստեղ:

 ԻՊ-ը միաժամանակ օգտագործում է թե՛ Իրաքից վերցրած ամերիկյան տանկերը, թե՛ Սիրիայից վերցրած ռուսական տանկերը:

ԻՊ-ի զինյալների խոսակցությունից պարզ է դառնում, որ նրանց մեջ սիրիացիների թիվը քիչ է: Արաբական յուրաքանչյուր երկիր խոսում է արաբերենի հատուկ բարբառով: Միմյանց միջև զրույցները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը Սիրիայի արաբ չէ:  Ահաբեկիչների մեջ շատ է նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանածների թիվը: Ռադիոկապով  մեր լսած խոսակցությունները և մեզ հասած տեղեկությունները ցույց են տալիս, որ քիչ չեն նաև անգլերեն խոսակցությունները: Այսինքն՝ միջազգային ավազակախումբը հավաքել է իր բոլոր ուժերը և եկել Քոբանիի վրա:

Կուզեի ընդգծել, որ հարձակումների հետևում միայն ԻՊ-ը չի կանգնած:  Քոբանիի վրա հարձակումներն այն ծրագրի շրջանակում են, որը միավորում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և ԻՊ-ին: Այո, նրանք դաշնակիցներ են, և այդ ծրագիրը համատեղ են մշակել:

Ընդամենը հինգ օր առաջ մի հայտարարություն էի արել և նշել, որ կասկածներ կան՝ արդյո՞ք Թուրքիան այս ծրագրի մաս է կազմում, թե՞ ոչ: Լուրեր կային այն մասին, թե հրոսակախմբերը Թուրքիայից են բերում զինամթերքը: Գնացքը Թիլ Աբյադ հասնելուց առաջ կանգնում էր արաբական մի գյուղում և այդ գնացքից սնդուկներով զինամթերք էին իջեցնում: Այսպիսի պնդումներ կային: Ես հայտարարեցի, որ եթե այս ամենն իրականությանը չի համապատասխանում, Թուրքիան պետք է համոզիչ հայտարարությամբ հանդես գա: Սակայն Թուրքիան ոչինչ չասաց:

Անցած հինգ օրը վերացրեց մեր կասկածները: Ինչո՞ւ: Որովհետև ապացուցվել է, որ իմ նշած ծրագրի հետևում կանգնած է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և թուրքական պետությունը: Մենք համոզված ենք դրանում: Եվ ոչ մեկը թող չհայտարարի, թե մենք այդպես ենք ասում այն բանի համար, որ «ԻՊ-ը ազատ արձակեց  հյուպատոսարանում պահվող թուրք գերիներին»: Ոչ: Մենք ունենք այլ ապացույցներ  և բացահայտումներ:

Նախևառաջ Թուրքիայի և ԻՊ-ի բոլոր ջանքերն ուղղված են Քոբանիի կործանմանը: Քոբանիի կործանումից հետո Թուրքիան կառաջարկի միջազգային ուժերին բուֆերային գոտի ստեղծել և Սիրիայի տարածքում կառաջանա բուֆերային գոտի: Արդեն երեք տարի Թուրքիան պայքար է մղում Ռոժավայի կանտոնների դեմ, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է  վերացնել կանտոնները: (Ռոժավա` Սիրիայի քրդաբնակ շրջանները: Սիրիայում ներքաղաքական խռովություններից հետո քրդերը մի շարք վայրերում իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, այդ թվում՝ Քոբանիում-ՍիվիլՆեթ)

Ահա սա է Թուրքիայի հաշվարկը, և այդ հաշվարկը շատ կեղտոտ է, դավաճանական և դավադիր:

Բացի այդ՝ Թուրքիան արդեն երկու օր սահմանին անում է ամեն ինչ, որ հյուսիսի կողմի ժողովուրդը օգնության չկարողանա հասնել  Քոբանիին (Թուրքիային չի թողնում, որ Թուրքիայի կողմի քրդերը օգնության հասնեն Քոբանիին-ՍիվիլՆեթ):  Գիտենք նաև այն ճանապարհը, որով հրոսակախմբերն ստանում են զինամթերքը, գիտենք նաև, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան տարբեր տեղերից հավաքվող ուժերին Քոբանի բերելու գործում:

Կարճ ասած` Թուրքիան ու ԻՊ-ը համատեղ են գործում, և դա թող լավ իմանա ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ ամբողջ աշխարհը:

Այժմ Թուրքիայի պետական պաշտոնյաներն ասում են, թե գերիների ազատ արձակման հարցով  բանակցություններ են վարել ԻՊ-ի հետ, և դա Թուրքիայի դիվանագիտական հաղթանակն է:

Տեսեք, հյուպատոսության աշխատակից գերիներն ազատ արձակվեցին սեպտեմբերի 20-ին: Իմ նշած ծրագրի համաձայն` նախատեսված էր, որ սեպտեմբերի 20-ին ԻՊ-ը պետք է մտներ Քոբանի:  Այն ժամանակ, երբ ԻՊ-ը մոտեցավ Քոբանիին և գտնվում էր ընդամենը 8 կմ հեռավորության վրա, Թիլ Աբյադում գերիները հանձնվեցին թուրքական պետությանը:

Այսինքն՝ ԻՊ-ը համաձայնեց Քոբանիի գրավման փոխարեն ազատ արձակել հյուպատոսարանում պահվող գերիներին:

Կարելի է ասել՝ թուրքերը ծախեցին Քոբանին, բայց պետք է իմանալ, որ Քոբանին թուրքերինը չէ: Քոբանին քրդերինն է և այն չի վաճառվում: Կարճ ասած՝ այն ոչ թե  Թուրքիայի դիվանագիտության հաղթանակն է, ինչպես Էրդողանն է ասում, այլ դիվանագիտության խայտառակությունը:

Նրանք 49 մարդու ազատ արձակումը փոխեցին տասնյակ հազարավոր քրդերի սպանդով: Հիմա թուրքերը գերիների ազատ արձակումը տոն են համարում ու նշում են այն, իսկ քրդերը սգի մեջ են:

 Ինչպե՞ս է անդրադառնում Թուրքիայի  նման դիրքորոշումը Հյուսիսային Քրդստանում (նկատի ունի Թուրքիայի քրդաբնակ շրջանները, այդ թվում՝ պատմական Հայաստանի տարածքները-ՍիվիլՆեթ) ընթացող թուրք-քրդական հաշտության գործընթացի վրա:

Թուրքական պետությունը քրդերի հարցում երկերեսանի է, ազնիվ ու անկեղծ չէ: Այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք լուծման հասնել: Ըստ իս՝ այդ գործընթացն արդեն փակուղի է մտել և կորցրել իր նշանակությունը: Ավելի ճիշտ՝ գործընթացն ավարտված է: Սակայն գործընթացը շարունակել-չշարունակելու առումով վերջին խոսքը պատկանում է մեր առաջնորդ Ափոյին (Աբդուլլահ Օջալան-ՍիվիլՆեթ): Այժմ մենք նրա խոսքին ենք սպասում: Թուրքիան, հարձակվելով Քոբանիի և Սուրուչի վրա, գործընթացին վերջ է դրել: Այդ հարձակումները պատերազմի հայտարարություն են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում