Գլխավոր Լրահոս

Գրողի ծոցը նախ պրոտոկոլներն ուղարկեք

Գրողի ծոցը նախ պրոտոկոլներն ուղարկեք

2008-ի սեպտեմբերյան Սերժ Սարգսյանից գրեթե ոչինչ չի մնացել: Վեց տարի առաջ ճիշտ այս օրերին՝ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24-ին, նրա պատվին հանդիսավոր ընդունելություն էին կազմակերպել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը և ամերիկահայ առաջատար մի քանի կազմակերպություններ: Եվ հենց այդ հավաքի ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանը մի քանի հարյուր հայերի ներկայությամբ Թուրքիայի այն օրերի նախագահ Աբդուլլահ Գյուլին և արտգործնախարար Ալի Բաբաջանին որակեց խիզախ իշխանության ներկայացուցիչներ, որոնք նաև քաջ են:

Բառացի մեջբերում եմ. «Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, և ես տեսա այդ պատրաստակամությունը իմ թուրք գործընկերոջ մոտ, զգացի նաև դժվարին որոշումներ կայացնելու բավարար քաջություն նրա մոտ… Երևանյան հանդիպումից օրեր անց Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին: Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են»:

Հասականալի է այն ոգևորությունը, որում էր Սերժ Սարգսյանը: Երկու շաբաթ առաջ Գյուլը մի քանի ժամով եկել էր Հայաստան, ողջ միջազգային հանրությունը ծափահարում էր Հայաստանի և Թուրքիայի խիզախ առաջնորդներին, առաջատար լրատվամիջոցները տենչում էին հարցազրույց վարել Սերժ Սարգսյանի հետ:

Հիմա ամեն ինչ շուռ է եկել գլխիվայր: Հիմա Սերժ Սարգսյանն է ձգտում տպագրվել առաջատար թերթերում: Ու քանի որ նա փոխել է թուրքերի հանդեպ իր բառապաշարը, թերթերն էլ իրենց պայմաններն են առաջ քաշում: Ուզո՞ւմ ես տպվել New York Times-ում, խնդրեմ, գովազդի էջը քեզ ղուրբան: Այդ էջը ոչ ոք չի կարդում, դրա համար սովորաբար մի քանի տասնյակ հազար դոլար ես տալիս ու գրիր՝ ինչ ուզում ես:

Վեց տարի առաջ, սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում Սերժ Սարգսյանը միայն հպանցիկ էր անդրադարձել Հայոց ցեղասպանությանը, գլխավորապես կենտրոնանալով «ֆուտբոլային դիվանագիտության» վրա: Այս անգամ, սակայն, Սարգսյանը բոլորովին այլ բան էր խոսում, անգամ իր գովազդած արձանագրությունները ուղարկեց գրողի ծոցը, ճիշտ է՝ ոչ իր բառերով, այլ՝ հղում կատարելով պարզ մարդկանց. «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արձանագրությունների հարցում պարզ մարդկանց դիրքորոշումը բոլորովին այլ է՝ «Սերժ Սարգսյան, հետ կանգնեք արձանագրություններից»: Կամ՝ գրողի ծոցը ուղարկեք այդ արձանագրությունները, որով ճանաչել եք ժամանակակից Թուրքիայի սահմանները, այն է՝ Կարսի պայմանագիրը, ինչպես նաև՝ համաձայնել եք հանձնաժողովի ստեղծմանը, որով կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը:

Եվ ուրեմն, նախքան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին շնորհակալություն հայտնելը, ուրիշի բերանով արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելը, համարձակություն ունեցեք հետ կանգնել արձանագրություններից: Թե դեռ հույս ունեք, որ Թուրքիան վավերացնելու է:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում