Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին, մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Իրենց մտահոգությունն իրոք անտեղի և անհիմն է: Իրոք, կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը, այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից: Սա է խնդիրը, և ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը՝ նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը: Բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, նույն փոքր և միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպես դա հասկանում են: Պարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսը: Անհասկանալի է. մարդիկ ուզում են 3,5 տոկոս շրջանառության հարկը, որը փոխարինվել է 1 տոկոսով, նորից դարձնել 3,5 տոկոս: Ուղղակի անհիմն է և անհասկանալի, դրա համար մենք պետք է որդեգրենք այն քաղաքականությունը, որ ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն, չդիտարկել փոքր և միջին բիզնեսը որպես հարկատու, այլ դիտարկել խոշորը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրենց ներգրավենք հարկային դաշտ: Դա է մեր խնդիրը», -ասել է վարչապետը:
Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ սեպտեմբերի 23-ի առավոտից ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելով հոկտեմբերի 1-ից գործող այս օրեքնի դեմ։
Ցուցարարների 20 ներկայացուցիչներ բարձրացել էին կառավարություն՝ հանդիպելու Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացնելու իրենց խնդիրները։ Վարչապետը հանդիպմանն ասել էր, որ օրենքը չի փոխվելու, և նշել էր, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին։
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի։
Հանդիպման արդյունքները տոնավաճառների աշխատակիցներին չէր գոհացրել, և նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանությունը ցուցարարներին հետ էր մղել՝ բացելով փողոցը և վերականգնելով երթևեկությունը:
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ին ևս կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել:
Civilnet











