Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը մտածում է նոր շարժումն արյան մեջ խեղդելու մասին

Սերժ Սարգսյանը մտածում է նոր շարժումն արյան մեջ խեղդելու մասին

Սուրիկ Խաչատրյանի վերնշանակումը «ողջունելի» էր: Սերժ Սարգսյանը ոչ մի նոր քայլ չունի: Այսինքն, ոնց քցում-բռնում է, մտածում է, թե հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու հանրահավաք, որը կարելի է ճզմել սուրիկխաչատրյաններով: Ավելին, Սյունաց դարպասների, Գորիսի զանգերի և Սյունիքի մարզպետարանի մոտ կազմակերպում են մեծ ընդունելություն, որպեսզի բոլորս տեսնենք, որ քաղաքացիներ չկան, կան ստրկամիտներ. իսկ ստրկամիտներով հեղափոխություն չի լինի: Եթե Սյունիքի նման «նժդեհակիր» մարզում ստրկամտությունը շատ է, մյուս մարզերում կան ու կան:

Ուրեմն, արձանագրենք` Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի մտածել նոր շարժումը կանխելու համար: Կարելի է մտածել նույնիսկ, որ օգնում է շարժման ծավալվելուն: Եվ Սուրիկ Խաչատրյանի նշանակումը էն դեպքն է, երբ ասում են՝ ոնց կարողանում ենք, օգնում ենք: Պարզ է, չէ՞, որ նշանակման իրական նպատակը հոկտեմբերի 10-ի շարժումից գոնե Սյունիքը հեռու պահելն է: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռու պահող չէր, չուներ այն անմարդկային որակները, որոնց առկայությունն ապացուցել է վերանշանակված մարզպետը: Սերժ Սարգսյանը հստակ հասկացրել է՝ իշխանության մեջ իրեն մարդասպաններ են պետք: Արարատի մարզը ինքը զսպելու է Հովիկ Աբրահամյանով: Միակ խոցելի մարզը մնում է Կոտայքը: Այսինքն, խոցելի այն իմաստով, որ այնտեղի հեղինակությունն իր թիմակիցը չէ: Հասկացա՞ք:

Սերժ Սարգսյանը մտածում է նոր շարժումն արյան մեջ խեղդելու տարբերակների մասին: Իսկ դուք ասում եք, թե 2008-ի մարտի 1-ին ինքն ընդամենը վարչապետ էր: Պարզապես մարտի 1-ից հետո էդ մարդն իշխանություն կորցնելու նոր մարտահրավերներ չի ունեցել: Ահա թե ինչու չի դրսևորվել: Բայց այստեղ խնդիր կա: Դա խնդիր է, որը կարող է «իրավացի» դարձնել արյունահեղությունը: Դա այն է, թե ինչ է փոխվել մարտի 1-ից հետո մեր մեջ: Այն, որ իշխանության մեջ ոչինչ չի փոխվել, պարզեցինք: Այն, որ մեզանից ոչ մեկի արյունն առավել ազնվական կամ ստրկական չի դարձել մարտի 1-ից հետո, փաստ է, մարդասպանի արյունը մնացել է մարդասպանի արյուն, զոհինը՝ զոհի արյուն: Այսինքն, փոխելու ենթական արյունը չէ:

2008-ից հետո Սերժ Սարգսյանը համապետական երկու ընտրություն է անցկացրել, երկուսն էլ կեղծել է: Բայց ինքը չի կեղծել, չէ՞: Այսինքն, ինքը չի մտել ու տեղամաս առ տեղամաս կեղծել ընտրությունների արդյունքները: Ավելին ասեմ, ինքը երբեք ընտրություններ չի կեղծել: Ինքը միայն հրահանգել է: Մեկ մարդը հրահանգել է հազարներին: Կեղծել են հազարները: Էդ հազարները կեղծել են տասնյակ հազարավոր այլ ընտրողների «ձեռամբ»: Այսինքն, փող են վերցրել, բարեգործության են ենթարկվել, խոստումներ են կորզել և քվե են տվել: Հիմա բոլոր այս մարդիկ, կա վտանգ, որ կարող են ներքաշվել հոկտեմբերի 10-ի շարժման մեջ: Բայց ինքը գիտի իր հաճախորդներին:

Երբ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ է նշանակում, ուղերձ է հղում նրանց՝ ընկերներ, չկարծեք, թե երկրում բան է փոխվել ու ձեզ վրա իշխանություն չունեմ: Երբ Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ առանց արյուն թափելու չի զիջի, պարզ է, որ «Քառյակ մինուս մեկ» ուժերին հասկացնում է, որ խաղաղ հանրահավաքներով ոչնչի չեք հասնի: Եթե չափն անցաք, ուժը իմ կողմն է: Իմ կողմն է նույնիսկ ձեր ժողովուրդը, որին դուք առայժմ կերակրում եք փոփոխությունների խոստումներով, իսկ նրա վախը և ուտելու ցանկությունն իմն են: Ոչ ոք չի ցանկանա մեռնել. բոլորի հետ էլ հնարավոր է խոսել 5 հազար դրամով: Ահա այն ամբողջ «գաղափարախոսությունը», որը ամփոփված է մեկ անուն ազգանվան՝ Սուրեն Խաչատրյանի մեջ: Այս մարդը նոր մարտի 1-ի առաջին հրազենն է:

Փոխարենը «Քառյակ մինուս մեկ» ուժերը մտածելու այնքան էլ շատ բան չունեն: Կարելի է ասել, նրանք ընդհանրապես անելիք չունեն իշխանափոխության ճանապարհին: Նրանց գործը մնում է հրապարակ օկուպացնելը, այսինքն, հրապարակ չզիջելը: Եթե նրանք բավարարվեն հոկտեմբերի 10-ին ատամներ ցույց տալով, կստանան ոչինչ: Այսինքն, ոչ մի նոր բան տեղի չի ունենա: «Քառյակ մինուս մեկը» իշխանությանը նախ պետք է ցույց տա բողոքի, այսինքն, ժողովրդի նոր որակ: Ինքը պիտի ցույց տա, որ վերջին տարիների համագործակցությունը, քաղաքական տարբեր իրավիճակներին ժողովրդին այս կամ այն կերպ մասնակից դարձնելը, այսինքն, քաղաքացիական հասարակության կայացման մեջ սեփական ծանրակշիռ դերը պարապ բան չի եղել: Ինքը պետք է հրապարակ հանի մարդկանց, որոնք ոչ թե չեն վախենա Վլադիմիր Գասպարյանի «սառը ցնցուղից», այլ մի հավաքականություն, որի ներկայությունն արդեն սառը ցնցուղ է Վլադիմիր Գասպարյանի համար: Հրապարակ պետք է դուրս գա մի հավաքականություն, որը Սերժ Սարգսյանին կմեկուսացնի բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են արյուն թափել: Եթե ընդդիմությունը իշխանափոխության չի գնում հոկտեմբերի 10-ով, կարող է ընդհանրապես մոռանալ հավաքականության որևէ որակի մասին: Որովհետև հրապարակ գնացողը այլ բան չի ուզում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում