Լուսանկարում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն (մեջտեղում) ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հոկտեմբեր 10, 2009:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ապա Կոլումբիայի համալսարանի ելույթներում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը «լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»: Զույգ արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի խորհրդարան էին ուղարկվել գրեթե հինգ տարի առաջ վավերացման նպատակով, սակայն թուրքական կողմը առաջ քաշեց նախապայման՝ հայկական կողմը պետք է Ղարաբաղի հարցում գնա զիջումների, այլապես հայ-թուրքական սահմանը կմնա փակ, Անկարայի և Երևանի միջև չեն հաստատվի դիվանագիտական հարաբերություններ:
Կոլումբիայի համալսարանում Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն քննարկում են մոտ ապագայում այդ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը ոչ այն պատճառով, որ «դրանք վնասակար են», այլ որովհետև «դրանք ապրել են իրենց կյանքը»:
Այսպիսով, Սարգսյանը շարունակում է պնդել, որ արձանագրությունները վնասակար չեն, և երկրորդ, որ ամենից կարևորն է և որը մնաց քաղաքական գործիչների ու վերլուծաբանների ուշադրությունից դուրս, Հայաստանը իր ստորագրությունը հետ չի քաշի այդ արձանագրություններից, այլ միայն դրանք հետ կկանչի խորհրդարանից: Մի բան է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը, բոլորովին այլ բան դրանցից հրաժարվելը:
Անկասկած, Հայաստանի և անձամբ Սերժ Սարգսյանի համար դյուրին չէ այդ արձանագրություններից հրաժարվելը երկու հիմնական՝ ներքին և արտաքին պատճառներով: Առաջին, եթե հրաժարվում ես արձանագրություններից, անուղղակի ընդունում ես, որ դրանց բովանդակությունը կամ որոշ ձևակերպումներ հայկական կողմի շահերից չեն բխում: Մինչդեռ տարիներ շարունակ պաշտոնական Երևանը պնդել է, որ այդ արձանագրությունները հայանպաստ են, դրանցում չկան նախապայմաններ, և եթե դրանք հայանպաստ չլինեին, թուրքական կողմը ժամ առաջ դրանք կվավերացներ: Երկրորդ, միջազգային հանրությունը չափազանց կարևորել է այդ արձանագրությունները, գովասանքի խոսքեր հնչեցրել Հայաստանի և Սերժ Սարգսյանի հասցեին, հետևաբար՝ դյուրին չի լինի դեմ գնալ արևմտյան գործընկերների՝ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ցանկություններին:
Բայց նաև երրորդ, ոչ պակաս կարևոր իրողությունը կա: Արժե՞ արդյոք ընդհանրապես այդ արձանագրություններից հրաժարվելը, երբ դրանց վրա փոշի է նստել, երբ դրանք արդեն մահացած են: Իրականում, այդ արձանագրությունները մահացած են ստորագրման օրվանից, և եթե 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում չլինեին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը, ո՛չ Ահմեդ Դավութօղլուն դրանք չէին ստորագրելու:
Մյուս կողմից, քանի դեռ հայկական կողմը այդ արձանագրություններից չի հրաժարվել, Թուրքիան շահարկելու և յուրաքանչյուր առիթի դեպքում հայտարարելու է, որ երրորդ երկրները չպետք է միջամտեն հայ-թուրքական հարաբերություններին, իրենց երկրներում քննարկման դնեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հենց արձանագրությունների հետևանք է այն, որ վերջին հինգ տարիներին միայն մեկ երկրի` Շվեդիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն էլ՝ մեկ քվեի առավելությամբ: Ավելին, Շվեդիայի վարչապետն ու արտգործնախարարը իրենց թուրք գործընկերների ներողամտությունը հայցեցին:
Արձանագրություններից չհրաժարվելը մեկ այլ վտանգ է պարունակում: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Թուրքիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արձանագրությունները վավերացնի: Դա քիչ հավանական, բայց հնարավոր տարբերակ է: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ թուրքական կողմի վավերացումից հետո Հայաստանի խորհրդարանը ևս կվավերացնի դրանք:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթի հիմնական մասը Սերժ Սարգսյանը նվիրեց Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին և Արցախի խնդրին: Թուրքիան, սակայն, հպանցիկ անդրադարձավ միայն ղարաբաղյան հակամարտությանը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում հայտարարեց, որ «Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»: Նկատենք, որ Սարգսյանը ավելի շուտ էր ելույթ ունեցել, քան Էրդողանը, այնպես որ, ցանկության դեպքում, Թուրքիայի նախագահը կարող էր հակադարձել Հայաստանի նախագահին:
Վերջին մի քանի տարիներին Սերժ Սարգսյանն ու արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձներ էին փոխանակում Հայաստանի և Թուրքիայի ազգային տոների առիթով: Գյուլը պարբերաբար շնորհավորում էր սեպտեմբերի 21-ը, իսկ Սարգսյանը շնորհավորում էր հոկտեմբերի 29-ը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը: Այս տարի ավանդույթը խախտվեց: Ո՛չ Թուրքիայի նախագահի, ո՛չ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում չկա տեղադրված հաղորդագրություն, համաձայն որի Էրդողանը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը: Հետաքրքիր է՝ Սարգսյանը հոկտեմբերի 29-ի առիթով Էրդողանին ուղերձ հղելո՞ւ է:
Թաթուլ Հակոբյան











