«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող տարբեր տոնավաճառների աշխատողները սեպտեմբերի 29-ի առավոտից Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց են անցկացնում: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ԱԺ-ի դիմած հավաքվածները տեղեկացրել են, որ ոսկու շուկաների 300 աշխատակիցներ ստորագրել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված դիմումի տակ՝ պահանջելով հետ կանչել օրենքը: ԱԺ-ի դիմաց դիմումն ստորագրողների թիվն աստիճանաբար ավելանում է:
ԱԺ՝ այսօր մեկնարկող հերթական քառօրյայից առաջ ցուցարարներին են մոտեցել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումանը՝ նշելով, որ մտադիր են ԱԺ ներկայացնել օրենքի նոր՝ այլընտրանքային նախագիծը, ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 տոկոս հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1 տոկոս հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Այս պահին ԱԺ-ից որևէ մեկը կրկին դեռևս չի մոտեցել ցուցարարներին:
Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ սեպտեմբերի 23-ի առավոտից ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելով հոկտեմբերի 1-ից գործող այս օրեքնի դեմ։
Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ։
Ցուցարարների 20 ներկայացուցիչներ բարձրացել էին կառավարություն՝ հանդիպելու Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացնելու իրենց խնդիրները։ Վարչապետը հանդիպմանն ասել էր, որ օրենքը չի փոխվելու, և նշել էր, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին։
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի։
Հանդիպման արդյունքները տոնավաճառների աշխատակիցներին չէր գոհացրել, և նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանությունը ցուցարարներին հետ էր մղել՝ բացելով փողոցը և վերականգնելով երթևեկությունը:
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ին ևս կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել:
Վարչապետը փոքր և միջին բիզնեսի մտահոգությունը անհիմն և անտեղի էր համարել:
Civilnet











