Հայկական ապրանքները ռուսական շուկա արտահանելու առումով վիճակը վատանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Menu.am նախագծի հիմնադիր, գործարար Վահան Քերոբյանըլ:
«Վերջերս բոլորս շատ ենք խոսում ու լսում, որ պատմական արդարությունը վերականգնվում է, և ռուսական շուկան մաքրվում է խորը սուբսիդավորվող եվրոպական գյուղմթերքից, և հայկական ապրանքը վերջապես շանս է ստանում իր արժանի տեղը գրավելու ռուսական սուպերմարկետների դարակներին: Շատ լավ»,- գրել է Քերոբյանը՝ հավելելով, որ իրականում վիճակը ոչ թե լավանում, այլ ավելի է ծանրանում:
«Հայկական արտահանողները կանգնած են երկրորդ նոկաուտի եզրին: Առաջինը, 2000-ականներին, ծնոտին ծանր հարված արտահանումը ստացավ, երբ հայկական դրամը արժևորվեց մոտ երկու անգամ, և հայկական գյուղարտադրանքը, որի հիմնական գնորդը Ռուսաստանն է, դարձավ անհիմն թանկ նույնիսկ նավթային դոլարների մեջ լողացող ռուս հասարակության համար: Այդ տարիներին, երբ բոլորը զբաղված էին շինարարական փուչիկ փչելով, մեր գյուղատնտեսական արտահանումը բազմակի անկում ապրեց:
Երկրորդ հարվածը, որը, վախենամ, մահացու կլինի արդեն, հենց հիմա ենք ստանում: Այս անգամ արդեն այդ հարվածը ոչ թե ինքներս մեզ ենք հասցնում, այլ ուղղակի չենք արձագանքում մեր գյուղմթերքի ամենամեծ գնորդի արժույթի անկմանը: Վերջին մեկ տարվա մեջ հայկական արտադրանքը, միայն ռուբլու արժեզրկման պատճառով 20%-ով թանկացել է Ռուսաստանում, և հետեւաբար, հերթով կորցնում է իր առանց այն էլ թույլ դիրքերը ռուսական շուկայում»,- գրել է Վահան Քերոբյանը:
Գործարարի կարծիքով՝ եթե Հայաստանի կենտրոնական բանկը անհապաղ չհրաժարվի ինտերվենցիաների միջոցով դրամի կուրսի արհեստական պահպանման քաղաքականությունից, և մոտ ապագայում դրամի կուրսը դոլարի նկատմամբ չդառնա 500 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, Հայաստանը ոչ միայն չի կարողանա օգտվել ստեղծված հնարավորություններից, այլի կկորցնի եղածը:
Նկարում` վերջին 1 տարվա ընթացքում դրամի արժեւորումը ռուսական ռուբլու նկատմամբ:
Civilnet











