Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Առաջին խաղային օրվա հանդիպումների արդեն անդրադարձել ենք, երեկ ևս 8 խաղ կայացավ, որոնցից 2-ում անակնկալ արդյունք գրանցվեց. «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ պարտվեց «Բազելին» (0:1), իսկ «Օլիմպիակոսը»` «Մյալմոյին» (0:2):
Դորտմունդի «Բորուսիան» առանց Հենրիխ Մխիթարյանի խոշոր` 3:0 հաշվով առավելության հասավ «Անդերլեխտի» նկատմամբ և վաստակած 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել D խումբը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք ունի և դորտմունդցիները ստիպված են լինելու ևս մի քանի հանդիպում անցկացնել առանց նրա: Այս խմբի մյուս խաղում «Արսենալը» ոչ մի շանս չտվեց «Գալաթասարային»` 4:1:
Տուրի կենտրոնական խաղերից մեկում Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն հաշվով պարտության մատնեց Թուրինի «Յուվենտուսին»: A խմբում այժմ բոլոր թիմերը` «Օլիմպիակոսը», «Մյալմոն», «Ատլետիկոն» ու «Յուվենտուսն» ունեն 3-ական միավոր:
Մադրիդի «Ռեալը» երեկ մեծ դժվարությամբ կոտրեց «Լյուդոգորեցի» դիմադրությունը: Հանդիպման 6-րդ րոպեին արդեն բուլղարական թիմն առջևում էր հաշվի մեջ: 11-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց նա չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, տանտերերի դարպասապահը ետ մղեց գնդակը: Այդուհանդերձ, 25-րդ րոպեին մադրիդցիները կրկին 11-մետրանոցի իրավունք ստացան, և այս անգամ արդեն Ռոնալդուն ոչ մի հնարավորություն չտվեց Ստոյանովին: Այդուհետ «Ռեալն» ահռելի տարածքային առավելություն ուներ, բայց «Լյուդոգորեցի» հակագրոհները պակաս վտանգավոր չէին: Ինչևէ, 77-րդ րոպեին Քարիմ Բենզեման առաջ մղեց մղեց «Ռեալին» և հաշիվն այլևս չփոփոխվեց:
Անչելոտիի սաները 6 միավորով միանձնյա գլխավորում են B խումբը, «Լիվերպուլն» ու «Բազելը» 3-ական միավոր ունեն, «Լյուդոգորեցը» դեռևս միավոր չի վաստակել:
C խմբում «Զենիթն» ու «Մոնակոն» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին և իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր, «Բայերը» 3:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» և 3 միավորով ընթանում է երրորդ տեղում, պորտուգալական ակումբը դեռևս միավոր չի վաստակել:
Civilnet











