Սյունիքի մարզպետարանում տգետների պակաս չկա: Մարդը, ով Սուրիկ Խաչատրյանի կենսագրականում գրել է, որ մարզպետը 2014 թ. ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք և ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան, տեղյակ չէ, որ նման գիտակարգ Հայաստանում դեռ գոյություն չունի: Անշուշտ, չպետք է բացառել, որ Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի հրամանով հայրենի ակադեմիան ստիպված լինի նման գիտակարգ սահմանել:
Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը շարունակում է մնալ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մեկ շաբաթ առաջ հիմնական հարցադրումն այն էր, թե ինչպես կարելի է երեք անգամ դատվածություն ունեցող մեկին, ով նաև բազմաթիվ կրիմինալ և սկանդալային պատմությունների մեջ է ներքաշվել, վերանշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Երկրորդ օրն է` հայկական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները ծաղրուծանակի են ենթարկում արդեն ոչ թե կրիմինալ հակումներով երեք անգամ դատվածին, այլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորին:
Բայց` իզուր: Արդար չէ քննադատել մի բան, քանի դեռ այն չես կարդացել: «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանքը, եթե այն կա, արժանի կլինի քննադատության միայն կարդալուց հետո: Հուսանք, մարզպետարանը կամ մեր ակադեմիան ընթերցողների լայն հանրությանը հնարավորություն կտան ծանոթանալ դոկտոր Խաչատրյանի գիտական աշխատանքին:
Մենք բոլորս սևեռվել ենք Սյունիքի մարզպետի ստացած փայլուն կրթության վրա, մոռանալով, թե ինչ կրթություն են ստացել Հայաստանի առաջին երեք դեմքերը, որոնք հայ ժողովրդի կամքից անկախ զբաղեցնում են նման պաշտոններ: Խոսքը Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի մասին է:
Հայկական լրատվամիջոցները և Ֆեյսբուքի օգտատերերը լայնորեն մեջբերում են Սուրեն Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունը: Եթե պատմափիլիսոփայական դոկտորի նկարը չկցեն նրա պաշտոնական կենսագրականին, ապա Սուրիկ Խաչատրյանին կարելի է համարել մեր մարզպետների միջև ամենից խելացին ու մարդասերը` մարզպետաց մարզպետը: Դոկտորի նկարը, ցավալիորեն, քարուքանդ է անում պաշտոնական կենսագրականի հավաստիությունը, թեև այնտեղ նշված չէ, որ մարզպետը երեք անգամ բանտ է նստել ամենատարբեր հանցագործությունների համար:
Եկեք անկեղծ լինենք և տեսնենք` արդյոք Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի պաշտոնական կենսագրականները համապատասխանում են նրանց իրական կենսագրականին: Եթե առաջին երեք դեմքերի համար կարելի է անաղարտ կենսագրական գրել, ապա ի՞նչու չի կարելի գրել դոկտորի համար:
Թաթուլ Հակոբյան










