Թուրքիան չի թույլատրի, որ կոալիցիայի անդամներն օգտագործեն իր տարածքը կամ ռազմակայանները ISIS-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն» - ՍիվիլՆեթ) դեմ պայքարում, եթե վերջնական նպատակը չի ենթադրում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալում: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանում այսպիսի հայտարարություն է արել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոկտեմբերի 1-ին թուրքական կառավարությունը դիմել է Ազգային մեծ ժողովին` երկրի Զինված ուժերին Սիրիայի և Իրաքի տարածքում իրականացվող գործողություններին մասնակցելու պաշտոնական թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Խորհրդարանն առաջարկը կքննի հոկտեմբերի 2-ին:
Թուրքական կառավարության նման որոշումը պայմանավորված է նրանով, որ իսլամիստները լայնամասշտաբ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանների ուղղությամբ:
«Մենք չենք հանդուրժի որևէ ահաբեկչական կազմակերպության ներկայությունը մեր հողերում, մեր տարածաշրջանում, աշխարհում: Մենք բաց ենք և պատրաստակամ ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության համար, սակայն բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան ժամանակավոր լուծումներ փնտրող երկիր չէ, ոչ էլ թույլ կտա, որ մյուսները դրանից օգտվեն»,- Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում օրենսդրական նոր տարվա բացման առթիվ իր ելույթում նշել է Էրդողանը:
Էրդողանի ուղերձն ուղղված էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որը վերջերս ձևավորվել է Իրաքում և Սիրիայում ISIS-ի ոչնչացման նպատակով: Կոալիցիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որ վերջինս իսլամիստների դեմ պայքարում արդյունավետ ներդրում ունենա՝ բացի իր ռազմակայաններն ու օդային տարածքը սիրիացի ապստամբների համար: Թուրքիան շեշտում է, որ գործողությունները չպետք է սահմանափակվեն ISIS-ի դեմ պայքարով, այլ պետք է որպես նպատակ ունենան նաև Սիրիայի վարչակարգի տապալումը:
Այս օրերին հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիայի սահմանից մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող քրդաբնակ Քոբանի («Այն ալ Արաբ», քրդաբնակ շրջան թուրք-սիրիական սահմանին – ՍիվիլՆեթ) քաղաքի մերձակայքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ ISIS-ի ուժերը շրջափակման մեջ են պահում մի քանի հարյուր քուրդ մարտիկների:
Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը hայտարարել է, որ Թուրքիայի վրա հարձակման դեպքում դաշինքը կպաշտպանի նրան:
Ինչպես հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքը, Սթոլթենբերգը, մասնավորապես, ասել է, որ ՆԱՏՕ-ի պարտավորությունն է պաշտպանել Թուրքիային: Նրա խոսքով՝ դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը կյանքի կկոչվի, եթե Թուրքիան որևէ կերպ հարձակման ենթարկվի:
«Դա է պատճառը, որ Թուրքիայում տեղակայել ենք Patriot համակարգերը: Մտադիր ենք շարունակել մեր ռազմական ներկայությունը Թուրքիայում՝ Patriot հրթիռային համակարգերի միջոցով»,- նշել է Սթոլթենբերգը:
Հոկտեմբերի 8-10-ը նախատեսված է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա:
Civilnet











