Մազերն ուղղակիորեն արտացոլում են մեր առողջությունը: Առողջ, ամուր ու գեղեցիկ մազերի համար սննդակարգում կանոնավոր կերպով ներառիր հետևյալ վիտամիններն ու հանքանյութերը:
Սպիտակուց
Մազերը կազմված են հենց սպիտակուցից, ուստի սննդի մեջ դրա պակասը կարող է հանգեցնել չոր, թույլ ու ճյուղավորվող մազերի, իսկ ծայրահեղ պակասի դեպքում մազերը մեծ քանակով թափվում են: Սննդակարգում անպայման ներառիր թռչնամիս, ձուկ, կաթնամթերք ու հավկիթ: Բուսակերների համար սպիտակուցի աղբյուր կարող են հանդիսանալ ընկուզեղենն ու ընդեղենը (լոբազգիներ, ոսպ, ոլոռ):
Երկաթ
Սա հատկապես անհրաժեշտ է մազերի համար, քանի որ սննդանյութերով հարուստ արյունն է սնում մազարմատն ու ֆոլիկուլան: Երբ արյան մեջ երկաթը նվազում է՝ առաջանում է սակավարյունություն /անեմիա/ և մազի ֆոլիկուլայում սննդանյութերի հավասարակշռությունը խախտվում է, արդյունքում՝ մազաթափություն: Կենդանական ծագման մթերքներից կարմիր միսն ու ձուկը հարուստ են բիոերկաթով, այսինքն՝ օրգանիզմի կողմից հեշտությամբ յուրացվող երկաթով: Բուսակերները կարող են լրացնել երկաթի պակասը ոսպի, սպանախի, բրոկոլիի ու կանաչիների միջոցով: Երկաթի հարուստ աղբյուր է նաև խնձորը:
C վիտամին
Վիտամին C-ն օգնում է երկաթով հարուստ սննդի մարսմանը, ուստի սրանով հարուստ սնունդը պետք է համատեղել երկաթով հարուստ սննդի հետ: Լավագույն աղբյուրներն են սև հաղարջը, հապալասը, բրոկոլին, կիվին, նարինջը, ելակն ու քաղցր կարտոֆիլը:
Օմեգա-3 ճարպաթթուներ
Այս ճարպաթթուները կարևոր են, քանի որ մեր օրգանիզմը ինքնուրույն չի կարող դրանք արտադրել: Գտնվում են գանգամաշկի տակ և սնուցում մաշկն ու մազարմատները: Օմեգա 3-ով հարուստ են յուղոտ ձկնատեսակները՝ սաղմոնը, ծովատառեխը, սարդինաձուկը, իշխանն ու սկումբրիան, իսկ բույսերից՝ ավոկադոն, դդմի սերմերն ու ընկույզը:
A վիտամին
Վիտամին A-ի պակասի դեպքում առաջանում է քոր, մազերը դառնում են չոր, ճյուղավորվող: Սննդի մեջ ներառիր կենդանական ծագման սնունդ և նարնջագույն մրգեր, բանջարեղեն, որոնք հարուստ են բետակարոտինով, օրինակ, գազար, դդում, քաղցր կարտոֆիլ:
Ցինկ ու սելեն
Թեփն ու մազաթափությունը անմիջականորեն կապված են այս հանքանյութերի պակասի հետ: Սննդի մեջ ներառիր հնդկացորեն, ընկուզեղեն, ծովամթերք, տավարի միս ու հավկիթ:
E վիտամին
Արևը վնասում է ոչ միայն մեր մաշկը, այլև մազերը: Օգնության է հասնում այս վիտամինը: Ընկուզեղենը՝ նուշ, ընկույզ, պնդուկ, հնդկընկույզ, սննդային հզոր աղբյուր են, ոչ միայն մազերի, այլև ամբողջ օրգանիզմի համար:
Civilnet











